Home / Հայաստան / Լրագրողների տրամադրության տակ է հայտնվել Հայաստանին զենքի վաճառքի պայմանագրի պատճենը

Լրագրողների տրամադրության տակ է հայտնվել Հայաստանին զենքի վաճառքի պայմանագրի պատճենը

Լատվիական Latspeceksports ընկերությունը կարող է կապ ունենալ Մոլդովայում Հայաստանի կողմից գնված հարձակվողական զենք-զինամթերքի և հրթիռային համալիրների հետ: Լրագրողների տրամադրության տակ է հայտնվել զենքի գնման և վաճառքի պայմանագրի պատճենը, որում որպես կողմ են հանդես գալիս Մոլդովայի պաշտպանության նախարարությունը և լատվիական ընկերությունը: Latspeceksports-ը հրթիռները գնել է Մոլդովայից և ըստ ամենայնի, վաճառել Հայաստանին: Այս մասին Լատվիայի ԱԳ նախարարությանը հաղորդել են Ադրբեջանի վրդովված դիվանագետները: Այժմ գործը քննում է անվտանգության ոստիկանությունը, գրում է «Չաս» պարբերականը:

Այս դեպքը ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր հայտնվել մի քանի ամիս առաջ, երբ պարզվել էր, որ Մոլդովայից զենք-զինամթերք փոխադրող ինքնաթիռը գրանցված է եղել Լիբիայում: Այդ պատճառով լատվիական ընկերությանը սկսեցին մեղադրել մոլդովական զենքը քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Լիբիայի ժողովրդին մատակարարելու մեջ:  Այնուհետև պարզվել էր, որ լիբիական ինքնաթիռն օգտագործվել է պարզապես որպես Հայաստանի համար զենք փոխադրելու միջոց:

Նշենք, որ սկզբում Մոլդովայի պաշտպանության նախարարությունում հայտարարել էին, թե իրենք ժամկետնանց զինամթերք են վաճառել: Միևնույն գերատեսչության տեղեկությունների համաձայն, բեռը հասցեագրված էր Ռիգայում գրանցված «լատվիական ընկերություններից մեկին»: Որից հետո Լատվիայի ԱԳ նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ, որում հերքեց մոլդովական զենք գնելու մասին լուրերը: Այն, որ զենքը վաճառվել է հենց Հայաստանին, «ՆԳ»-ի հետ զրույցում հայտարարել էր զինված ուժերի  ժողովրդավարական վերահսկողության ժնևյան կենտրոնի փորձագետ Վիորել Չիբոտարուն: Նա ասել էր, որ գործարքն օրինական է եղել, և զինամթերքի մեջ նաև հրթիռներ են եղել:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը  այս առնչությամբ հայտարարել էր, որ Հայաստանը հնացած զինամթերք չի գնում:

«Հայաստանի զինված ուժերի կարիքների համար զինամթերքի ձեռքբերումն  իրականացվում է հանրապետության օրենսդրության և համապատասխան միջազգային նորմերի և պարտավորությունների շրջանակներում»,- ավելի վաղ ասել էր Կարապետյանը: