Home / Հայաստան / Նորածիններին շփոթած ծննդատունը 12 տարի անց ծնողներին փոխհատուցում կվճարի

Նորածիններին շփոթած ծննդատունը 12 տարի անց ծնողներին փոխհատուցում կվճարի

Չելյաբինսկի շրջանի Կոպեյսկ քաղաքի ծննդատունը 6 մլն ռուբլի կվճարի երկու ընտանիքների, որոնց դստրերին ծննդատան աշխատակիցները 12 տարի առաջ սխալմամբ խառնել են: Իհարկե ոչ բժիշկը և ոչ էլ մանկաբարձն այլևս քրեական հետապնդման չեն ենթարկվի, քանի որ գործի վաղեմության ժամկետն արդեն լրացել է:

Բժշկական սխալի մասին Բելյաևների և Իսկանդերովների ընտանիքիները բոլորովին պատահական են իմացել: Բելյաևան ամուսնալուծվել էր և դատարան դիմել ամուսնուց ալիմենտ ստանալու պահանջով: Սակայն ամուսինը հրաժարվել էր վճարել, հայտարարելով որ աղջիկն իրենը չէ: Կինը, փորձելով ապացուցել իր հավատարմությունը, գենետիկական փորձաքննություն էր պահանջել, որը ցույց էր տվել, որ նա և իր ամուսինը 12-ամյա աղջկա կենսաբանական ծնողները չեն հանդիսանում:

Այդ ժամանակ կինը դիմել էր դատախազություն և հետաքննիչներին, որոնք էլ պարզել էին, որ երեխաներին իսկապես խառնել են: Բելյաևների դուստրը հայտնվել էր Իսկանդերովների ընտանիքում, և հակառակը:

Բոլոր ծնողները գենետիկական փորձաքննություն են անցել, որից հետո էլ հաստատվել է երեխաներին խառնելու փաստը: Իհարկե, ծնողներն այժմ չեն պատրաստվում փոխանակվել երեխաներով: