Այսօր Երևանում ներկայացվել և քննարկվել է անչափահաս ամբաստանյալների գործերով դատավարությունների մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ զեկույցը, հաղորդում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:
Զեկույցն անդրադառնում է թվով քառասունհինգ գործի, որոնցում որպես ամբաստանյալներ ներգրավված են անչափահասները: Այն վերլուծում է ՀՀ օրենսդրությունն ու պրակտիկան, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների համագործակցությունը` անչափահասների արդարադատության համակարգի կատարելագործման ճանապարհին ընկած բացերը բացահայտելու և առաջարկություններ ներկայացնելու համար: Ծրագիրն իրականացվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Վլադիմիր Չունտուլովը զեկույցի կապակցությամբ նշել է. «Իրավախախտ երեխաները, կարիք ունեն պաշտպանվածություն և ոչ միայն կառավարության կողմից, այլ նաև ողջ հասարակության: Կանխարգելմանը զուգահեռ` պետք է լինի ազատազրկմանը այլընտրանք առաջարկող քաղաքականություն: Մենք հույս ենք տածում, որ այս զեկույցը օգտակար և գործնական նշանակություն կունենա մեր հայ գործընկերների համար` համատեղելու և կրկնապատկելու իրենց ջանքերն` ուղղված երեխաների իրավունքների ու լավագույն շահերի պաշտպանության ամրապնդմանը»:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը նշել է, որ անչափահասների հանցավորությունը Հայաստանում բավականին ցածր է` համեմատած շատ այլ երկրների հետ, այնուամենայնիվ, դեռևս անհրաժեշտ է ունենալ անչափահասների արդարադատության համակարգ, որտեղ երիտասարդ իրավախախտ երիտասարդների նկատմամբ այլ մոտեցում է կիրառվում: