Այսօր ՀՀ Ազգային ժողովում քննարկման է ներկայացվել 2012թ. պետական բյուջեի նախագիծը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է 2012թ. բյուջեի հիմքում ընկած գաղափարախոսությունը և առանձնահատկությունները:
«Առաջին հերթին, երբ անդրադառնում ենք պետական բյուջեի նախագծին, մենք քննարկում ենք այն միջավայրը, որը ձևավորվել է մինչև 2012թ. և կանխատեսումների հիմքում ընկած տրամաբանությունը: 2009թ. ճգնաժամը, ինչպես նաև ռուս-վրացական խնդիրը, բացահայտեցին մեր տնտեսության խոցելի և ուժեղ կողմերը:
Առաջին եզրակացությունը, որ մենք մեզ համար կատարել ենք, կայանում է նրանում, որ պետք է դիվերսիֆիկացնենք մեր տնտեսությունը, ինչն այն դարձնում է նվազ խոցելի: Այդ իսկ պատճառով կառավարությունը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ, որոնք արդեն իսկ տալիս են իրենց դրական արդյուքները: 2011 թ. վերջին ամիսներին տնտեսական զարգացումները կարելի է բնութագրել որպես կայունացման փուլ, ինչի մասին վկայում է երկրորդ եռամսյակի 3.9 տոկոս տնտեսական աճը: Մենք նաև ունենք արդեն 8 ամսվա կտրվածքով գնահատականներ, ըստ որոնց համախառն ներքին արդյունքի աճը կազմում է 5 տոկոս: Դա նշանակում է, որ 2011 թ. պետական բյուջեի հիմքում ընկած այն կանխատեսումը, որ մենք տարին պետք է ավարտենք 4.6 տոկոս տնտեսական աճով իրատեսական ցուցանիշ է», – ասել է վարչապետը:
Նրա խոսքով` 2012թ. բյուջեի նախագծի հիմքում ընկած է այն գաղափարը, որ պետք է ծախսվի այնքան, ինչքան եկամուտներ կառավարությունն ի վիճակի է հավաքագրել :
«2012թ. բյուջեի երկրորդ կարևորագույն առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մենք պետք է առաջնահերթություն համարենք տնտեսկան աճը:
Եվ այսպես 2012թ. բյուջեի հիմնական ցուցանիշներն են եկամտային գծով 937 մլրդ դրամ, իսկ ծախսային գծով 1 մլրդ 69 մլն դրամ: Դեֆիցիտը կազմելու է 132 մլրդ դրամ: 2012 թ. եկամտային մասը գերազանցում է 2011թ ցուցանիշը 62 մլրդ դրամով, իսկ ծախսային մասը` 46 մլրդ դրամով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք կրճատում ենք պետական բյուջեի դեֆիցիտը, դա նշանակում է, որ մեր ծախսերի ավելացումը հիմնականում իրականացնելու ենք հարկային մուտքերը 100 մլրդ դրամով ավելի հավաքագրելու միջոցով: Ընդ որում, շեշտը դնելու ենք վարչարարության բարելավման, հարկային բազան ընդլայնող օրենսդրական փոփոխությունների, տնտեսական աճի խթանման վրա:
2012-ի համար ծրագրում ենք ՀՆԱ-ի 4,2 տոկոս աճ՝ այս տարվա 4,6 տոկոսի դիմաց», – ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է, որ ՀՀ կառարության համար էական նշանակություն ունեն Ռուսաստանի Դաշնության տնտեսական կանխատեսումները, որտեղ ևս հիմք է ընդունվել տնտեսական աճի 4 տոկոսանոց ցուցանիշը:
Տիգրան Սարգսյանի խոսքով` կանխատեսվել է նաև, որ 2012-ին արդյունաբերությունն աճելու է 7,5 տոկոսով: