Հոգեբանությանն ենք մենք հիմնականում պարտավոր նրանով, որ լայն շրջանառության մեջ դրվեց և տարատեսակ բռնարար իշխանությունների ու մարտնչող քաղքենիների կողմից սկսեց լայնորեն շրջանառվել ու շահարկվել այսպես կոչված «ամբոխի» տեսությունը: Այս պնդումով սոցիոլոգ Գայանե Ղազարյանն անցած շաբաթ օրը սկսել է իր «Հեղափոխությունը ու հոգեբանությունը» զեկույցը «Փոքր Խորհուրդ» հասարակական-քաղաքական խմբի հերթական նիստին:
Հեղափոխության ու ամբոխի տեսությունն առաջին անգամ ստեղծվել է ֆրանսիացի հոգեբան Լեբոնի կողմից, Ֆրանսիական Մեծ հեղափոխությանը հաջորդած ռեակցիայի տարիներին: Այդ տեսությունը պնդում էր, որ անհատն «ամբոխում» կորցնում է իր անհատական դիմագիծը, այն է` ռացիոնալ վարքի ունակությունը, և սկսում է առաջնորդվել բնազդներով ու արտաքին մանիպուլյացիաներով, ընդ որում, ոչ միայն հեղափոխական զանգվածի դեպքում, այլ նույնիսկ խորհրդարանում, ամեն տեղ, որտեղ գործողությունը իրակացվում է մարդկային որոևէ բազմության կողմից:
Ղազարյանի խոսքով` այդ տեսությանը տուրք տվեց նաև Ֆրոյդը` պնդելով, որ ամբոխը իռացիոնալ է, մարդն ընդգրկվելով ամբոխին, իբր կորցնում է էգոն և կառավարվում է Իդ-ի/վերանձնական, հավաքական Ես-ի/ կողմից, ուստի «ամբոխը» իռացիոնալ է և կառավարման կարիք ունի: Հոգեբան Բերլին նույնպես պնդում էր, որ հանրությունը վտանգավոր է ու ագրեսիվ:
Լեբոնը պնդում էր, որ ամբոխը կազմված է դեստրուկտիվ, ջարդարարական հոգեկերտվածք ունեցող անձանցից` «ի բնե հանցագործներից»: Սակայն սոցիոլոգիական հետազոտման տասնամյակների փորձը վկայում է, որ իրականում բացարձակ իրավազուրկները, ընչազուրկները չեն անում հեղափոխություն, այն իրականացնում են կրթված, միջին խավի մարդիկ, և այն ժամանակ, երբ նկատում են, որ հասարակական բարօրության աճը դանդաղում է, կանգնում: Դա վկայում է հեղափոխական զանգվածի գործողության բանական էության մասին:
««Ամբոխի» վարկածը հերքեց ժամանակակից կոնվերգենցիայի տեսությունը /Բելլ/, ըստ որի, «ամբոխ» կոչեցյալը, իրականում, չունի սեփական, ուրույն վարք, բազմության վարքը իրենից ներկայացնում է ռացիոնալ արձագանք կյանքում ստեղծվող իռացիոնալ իրավիճակների: Եթե նույնիսկ խոսքը գնում է ռասիզմի, հակադեմոկրատական զանգվածային գործողությունների մասին, դա ոչ թե իռացիոնալ «տարերք» է, այլ, մասնակիցների տեսակետից, իրենք իրականացնում են ռացիոնալ գործողություն: Այսպիսով, կոնվերգենցիայի տեսությունը մոտենում է մարքսիստական ընկալմանը, ըստ որի հեղափոխական վարքը ռացիոնալ է:
Հետխորհրդային երկրներում, մասնավորապես, Հայաստանում, հոգեբանության հակադեմոկրատական, քաղաքակիրթ աշխարհում վաղուց հերքված ու մոռացված ուղղություններն ու հեղինակները վերածնունդ են ապրում: Հատկանշական է, որ իշխանությունների զենք ու կարգախոս դարձած այդ պսևդո-հոգեբանական դրույթները, իրականում, բավականին լավ բնորոշում են հենց իրենց, իշխանություններին, և ոչ թե իրենց դեմ պայքարող հեղափոխական զանգվածներին: «Մասսաները հարգում են ուժը», բայց մեր շարժումը ցույց է տալիս, որ մասսաները հենց ուժի դեմ են դուրս գալիս, չեն վախենում ու չեն հարգում այն, «մասսաները պաշտում են իրենց լիդերին»՝ բայց մեր շարժումը հենց լիդերների դեմ է դուրս եկել, «մասսայի դատողությունները պրիմիտիվ են և հիմնված ասոցիացիայի վրա»՝ բայց այդ հնարքը օգտագործում է հենց իշխանական քարոզչությունը, ասոցիացնելով, օրինակ, Լևոնի անձը ու «ցուրտ ու մութ տարիները»: Իրականում՝ հենց հակահեղափոխականությունը ունի իրացիոնալ-ասոցիատիվ բնույթ, հենց այնտեղ մենք կարող ենք գտնել այն «ամբոխը», իսկ հեղափոխական շարժումներում, ընդհակառակը, մենք տեսնում ենք ռացիոնալ հանրույթ: Առաջադեմ փիլիսոփա և հոգեբան Մարկուզեն գտնում է, որ առհասարակ՝ բանականությունը ինքնին հեղափոխական է, իսկ հեղափոխությունը իբրև գործողություն դա հենց իդեաների հաստատումն է իրականության մեջ», – նշել է Ղազարյանը:
Վերջում զեկուցողը կարծիք է հայտնել, որ հոգեբանությունը իբրև գործող մեթոդ, մարդու խնդիրները վերացնելու իր հավակնությունով, ինքնին դեմ է հեղափոխությանը, քանի որ հեղափոխությունը ձգտում է լուծել խնդիրները, իսկ հոգեբանությունը՝ վերացնել:
Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանն ավելացրեց նաև, որ հեղափոխությանը դեմ են նաև մի շարք ժամանակակից դիսցիպլիններ ու տեսություններ, որոնց թվում են՝ մշակութաբանությունը, անտրոպոլոգիան, սոցիոլոգիան, դեկոնստրուկցիայի տեսությունը, որոնք քանդում են բանականության հիմքերը, իրենցից ներկայացնում են փիլիսոփայության սուրոգատ, քանի որ փիլիսոփայությունը միակն է, որ խնդիրներ է առաջ քաշում, խնդրականացնում է կյանքը, դրանով իսկ ստեղծելով խնդիրների լուծման՝ հեղափոխության, գործողության՝ հնարավորություն, իսկ նշված ուղղությունները ընդհամենը հավաքագրում են խնդիրները:
Արվեստագետ Արման Գրիգորյանը նշել է, որ նաև ժամանակակից արվեստն է հեղափոխական, քանի որ այն նոր ունիվերսալություն է ձևավորում, որը ոչ թե աբստրակտ է՝ ազգ, ազատ շուկա և այլն, այլ կոնկրետ է: Նա կարծիք է հայտնել, որ սեքսուալությունն է այդ նոր ունիվերսալությունը: