Home / Հայաստան / Ոստիկանության գնդապետը հրաժարվում է աշխատել նորանշանակ ոստիկանապետի հետ

Ոստիկանության գնդապետը հրաժարվում է աշխատել նորանշանակ ոստիկանապետի հետ

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի նշանակումը ՀՀ ոստիկանապետի պաշտոնում միանշանակ չի ընդունվել ոստիկանական համակարգի աշխատակիցների կողմից, գրում է aravot.am-ը: Ըստ որոշ տեղեկությունների` առաջինը, որն իրեն վատ է զգացել այդ տեղեկությունը ստանալիս, Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն է եղել, որն, ըստ մինչ այդ շրջանառվող լուրերի, վաղուց ախորժակ ուներ զբաղեցնելու ՀՀ ոստիկանապետի պաշտոնը: Սակայն, ոստիկանությանը մոտ կանգնած «Առավոտի» աղբյուրների մատուցմամբ, Ներսիկ Նազարյանն իրականում Վովա Գասպարյանի նշանակմանն ամենևին էլ դեմ չէ, քանի որ անհամեմատ ավելի լավ հարաբերություններ ունի նորանշանակ ոստիկանապետի, քան ուներ Ալիկ Սարգսյանի հետ:

Վովա Գասպարյանի նշանակմամբ ոչինչ չի սպառնում նաեւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանին՝ թեկուզ, միայն այն պատճառով, որ նրա նշանակումը այդ պաշտոնում ժամանակին եղել է ոչ թե նախկին ոստիկանապետի, այլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկ-հրահանգով:

Փոխարենը երեկ, ըստ «Առավոտի» տեղեկությունների, առանց սպասելու Վովա Գասպարյանի նշանակման մասին պաշտոնական հայտարարությանը, զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ, ոստիկանության գնդապետ «Շերիֆ»  մականունով Կարեն Բաբայանը: «Առավոտի» աղբյուրների փոխանցմամբ` նա այսօր առավոտյան իր աշխատակիցների մասնակցությամբ ժողով է արել ու հայտարարել, թե Գասպարյանի հետ չի պատրաստվում աշխատել և հրաժարական է տալիս: Աշխատանքից ազատվելու դիմումը նա ներկայացրել է նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: