Home / Հայաստան / Պաշտպանության նախարարության ղեկավարների միջև հակասություններ չկան, պնդում է նախարարը

Պաշտպանության նախարարության ղեկավարների միջև հակասություններ չկան, պնդում է նախարարը

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում հերքել է այն լուրեր, թե իր տեղակալներ Դավիթ Տոնոյանի և Վլադիմիր Գասպարյանի միջև հակասություններ կան:

«Բանակի ղեկավարության մեջ պառակտում մտցնելու փորձերը դատապարտված են: Պաշտպանության նախարարի տեղականերից մեկին պաշտպանելու, իսկ մյուսին չպաշտպանելու վերաբերյալ որոշ մարդկանց հայտարարությունները լուրջ չեմ համարում, քանի որ տարօրինակ է, թե ով ում ումից է պաշտպանում:

Այդ նույն խոսակցությունները հաճախ շրջանառվում են նաև պաշտպանության նախարարի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի (Յուրի Խաչատուրով – խմբ.) շուրջ, սակայն մենք սերտ համագործակցելով աշխատում ենք: Այստեղ անձերի բնավորությունների տարբերությունների մեջ աշխատանքային հակասություններ փնտրելը արդարացված չէ: Բանակում չկա երկփեղկվածություն. գործում է ուղղահայաց հրամանատարական շղթա, որի բոլոր օղակները գիտակցում և կատարում են իրենց գործառույթները: Բանակի ղեկավար կազմի մեջ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և մարդկային բարձր հատկանիշների գերակայության հիման վրա», – հայտարարել է Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ի իր համարում «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր Դավիթ Տոնոյանի և Վլադիմիր Գասպարյանի միջև եղած հակասությունների մասին:

«Բանն այն է, որ ՊՆ-ում որոշված է եղել շատ չոր արձագանքել բոլոր նրանց, որոնք Հայաստանից դուրս եղած կազմակերպությունների կողմից են ֆինանսավորվում, այսինքն`անել այն, ինչ-որ արեց Պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանը: Սակայն Տոնոյանն ավելի փափուկ է գտնվել, ավելին` ողջունել է «Բանակն իրականում» նախաձեռնության անդամներին, որոնց Վլադիմիր Գասպարյանը  «գրանտակեր» էր անվանել», – նշել էր օրաթերթը: