ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, համաձայն որի Հանրապետական կուսակցության հետ համագործակցողները կշահեն, իսկ նրանք, ովքեր չեն համագործակցի` կհայտնվեն կոտրած տաշտակի առաջ, ուղղակի շանտաժ են կոալիցիայի մյուս կուսակցությանը, երրորդին՝ դժվար: Այս մասին այսօր hայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
«Ես այսօր Հայաստանում դեստրուկտիվ էլէմենտ չեմ տեսում: Նման բաները մեկնաբանելու իմաստ չկա, բայց մի այլ հարթությունից կուզենայի մոտենալ: Եթե դա աներ յուրաքանչյուր մարդ, որը գտնվում է ՀՀԿ-ի ներսում, նորմալ կհամարեինք, բայց երբ այդ բանն ասում է երկրի վարչապետը, մի քիչ հասկանալի չի, թե ինչ է ինքը նախատեսում դրանից հետո, այսինքն, երբ որ ասեց, որ նրանք, ովքեր մեր հետ չեն, կոտրած տաշտակի առաջ են կանգնելու, այսինքն՝ ի՞նչ է դուրս գալու. ընտուրթյունները այնպես են անցնելու, որ երբ որ մեր հետ չեք, ուրեմն կոտրած տաշտակ է լինելու»,- ասել է Արամ Կարապետյանը:
«Այն գործիչները, որոնք մի ժամանակ եղել են շատ խիստ ընդդիմադիր, հիմա դարձել են Չերչիլներ, Դը Գոլներ և այլն, այդ մարդիկ, որոնք կընդգրկվեն մեր հետ, ուրեմն կանցնեն խորհրդարան»,- ասել է Կարապետյանը:
Ասուլիսին մեկ այլ մասնակից` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը, նշել է, որ վարչապետի հայտարարության մեկնաբանությունները բավական շատ են եղել, և որ այդ թեման ինքը փակված է համարում:
«Ուղղակի ես հետևյալը կնշեի՝ ինչպես բնության մեջ գործում է գրավիտացիայի՝ ձգողականության օրենքը, հասարակությունում և քաղաքականությունում ևս գործում է ձգողականության օրենքը, և բնական է, որ շատ ավելի ծանրակշիռ զանգված ունեցող մարմինները դեպի իրենց ձգում են ավելի փոքրերին: Եվ այս պարագայում քաղաքական հարթությունում գերծանրքաշայինը, իհարկե, ՀՀԿ-ն և ՀՀԿ-ի շուրջ ձևավորված կոալիցիան է, և քաղաքական գործընթացները պտտվում են այդ ուժի շուրջը: Սա է պատճառը, որ ցանկացած ասված խոսք բավականին սուր մեկնաբանությունների տեղիք է տալիս»,- ասել է Արտակ Դավթյանը: