ԱԺ օլիգարխ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո), Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո), Լևոն Սարգսյան (Ալրաղացի Լյով) դիմումների հիման վրա նախօրեին ԴԱՀԿ-ն «Հայկական ժամանակ» օրաթերթից 6 միլիոն 438 հազար 600 դրամ է բռնագանձել, գրում է «ՀԺ»-ն:
Թերթը հայտնում է, որ իր ընթերցողների կողմից տրված այս գումարը (դատարանի սահմանած գումարը վճարելու համար` հօգուտ «Հայկական ժամանակի» վերջին ամսվա ընթացքում հանգանակություն էր անցկացվել և խմբագրությանը հաջողվել էր հավաքել ողջ գումարը) բաժանվելու է վերը նշված օլիգարխների միջև: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ներկայացուցիչների հետ զրույցում «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ օլիգարխների միջև գումարը կբաժանվի արդարաբար:
Հիշեցնենք, որ դատարանի վճռի օրաթերթի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի համարում լույս տեսած «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածում առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Երեք պատգամավորները «Հայկական ժամանակից» պահանջել էին հերքել հրապարակումը և փոխատուցել ստացված բարոյական վնասը:
Համաձայն հոդվածի, Ռուսաստանի իրավապահ մարմինները ցուցակ են կազմել, որում ընդգրկված են եղել տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաներ: ՌԴ իրավապահների կազմած ցուցակի առաջին յոթ հորիզոնականներում հետևյալ անուններն են եղել` Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյան, ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյան և Լևոն Սարգսյան, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան: «ՀԺ»-ի հրապրակման համաձայն, այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ, ով տրամադրել է այդ տեղեկությունները: