Մինչ Լևոն Տեր-Պետրոսյանը գարնանը իր կողմնակիցներին հավաստիացնում էր, թե քաղաքական շախմատ է խաղում Սերժ Սարգսյանի հետ /ամռանը նրա բանակցորդները հայտարարեցին, որ խաղի ընթացքում հակառակորդը նենգաբար հարվածում է սեղանի տակից/, իսկ աշնան վերջին անուղղակի արձանագրեց, որ պարտվել է այս խաղում ու հայտարարեց, թե պատրաստվում է հաջորդ պարտիային /հերթական խորհրդարանական ընտրություններին/, Սերժ Սարգսյանը շախմատային նախահարձակ քայլեր է անում ոչ թե նրա, այլ Ռոբերտ Քոչարյանի հետ պարտիայում: Այս մասին իր բլոգում գրել է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Պատգամավորը նշել է, որ օրերս Սերժ Սարգսյանը փորձել է լուծել մի քանի խնդիր միաժամանակ` ներկայացնելով դրանք.
«1. Գագիկ Ծառուկյանը հրապարակավ հայտարարեց, որ տեր է փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագրի պարտավորություններին /2013թ-ին պաշտպանել Սերժ Սարգսյանին և մնալ կոալիցիոն պարտավորությունների մեջ խորհրդարանական ընտրություններից առաջ և հետո, պայքարել ոչ թե ՀՀԿ, այլ «ազատ տեղերի» համար, ինչը պատրաստվում է անելու նաև ՀՀԿ-ն/: Եվ որքան էլ Գալուստ Սահակյանը ներկայացնի, թե անցած օրերին Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ընթացքում քննարկվել են բացառապես բյուջեի, օրենսդրական նախաձեռնությունների հարցեր, այդ հանդիպման առանցքը եղել է գալիք ընտրություններին ընդառաջ ու առ իր թեկնածությունը կողմոնորշվելը` կամ դեպի Սերժ Սարգսյանը, կամ դեպի անհայտություն…
2. Քաղաքապետ Կարեն Կարապետյանը բոլորի համար անակնկալ հրաժարական ներկայացրեց և առանց հապաղելու մեկնեց Մոսկվա, ինչպես և քաղաքական դաշտից միանգամից անհայտացավ նախագահի աշխատակազմի պաշտոնից հրաժարված մյուս Կարեն Կարապետյանը: Այսօր արդեն առավել քան հավանական է թվում այն վարկածը, որ քաղաքապետ Կարապետյանին առաջարկվել է գլխավորել Երևան քաղաքում իշխանական ընտրական շտաբը և ձայներ բերել ՀՀԿ-ի համար: Մինչդեռ վերջինս իր ոչ պոպուլյար քայլերը շարունակելով դա չէր կարող անել: Միաժամանակ նա իր տեսակով քաղաքական գործիչը չէր և իրեն համարում էր մենեջեր: Եվ այսօր` նոյեմբերի 1-ին, ՀՀԿ-ն որոշեց այդ ծանր պարտականությունը դնել Տարոն Մարգարյանի վրա: Իսկ երկու Կարապետյանները չափազանց նուրբ քաղաքական տեխնոլոգիայով դուրս հայտնվեցին ՀՀ քաղաքական դաշտից` հայտարարելով, թե մնում են թիմի անդամ: Եթե նրանք իրենց շարունակեն համարել այդ թիմի հանդեպ պարտավորված և Սերժ Սարգսյանի համար ապահովեն ռուսական դաբրոներ` շատ լավ: Չեն համարի ու պարզապես օգտակար կլինեն Հայաստանին` լավ: Երկու տարբերակն էլ հավասարապես ձեռնտու են Սերժ և Տիգրան Սարգսյաններին: Կարևորը, նրանք այլևս թիմի անկայունության աղբյուրներ չեն, իրենց հակավարչապետական տրամադրություններով այլևս չեն սպառնում նաև Սերժ Սարգսյանի ապագա պլաններին….
3. Առավել քան անակնկալ էր նոյեմբերի 14-ին ԱԺ նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարական տալու հաստատված լուրը: Ինչպես ՀՀԿ-ն ինքն է պաշտոնապես մեկնաբանում, դա պայմանավորված է նրա կողմից նախընտրական շտաբը ղեկավարելու նոր պարտականություններին անցնելով /ինչպիսի զավեշտ. ընտրությունները դեռ չեն սկսվել, բայց շտաբը գործելու է/: Այս կոմբինացիան ամենատպավորիչն է: Իշխանության, ես կասեի` կոլաիցիայի նախընտրական շտաբի պետ է նշանակվում Հովիկ Աբրահամյանը, այդ կերպ իսպառ սպանելով վարչապետ դառնալու նրա հավակնությունը մինչեւ առնվազն խորհրդարանական ընտրություններ: Այժմ նա պետք է Սերժ Սարգսյանին իր հավատարմությունն ու նվիրվածությունը ապացուցի ևս մեկ ընտրությամբ /խորհրդարանական/ և դեռ անհայտ է, կկարողանա արդյոք արժանանալ վարչապետ դառնալու դաբրոյին դրանից հետո: Ավելին, նա վերահսկելու է ողջ ընտրական գործընթացը և ՀՀԿ-ին անհանգստացրած ԲՀԿ շարժերը: Եթե ԲՀԿ-ն անհնազանդություն ցուցաբերի և լիարժեք մրցակցային վարք դրսեւորի ընտրությունների ժամանակ, ապա իր իսկ խնամու դեմ դուրս գալու պարտավորությունը ընկնում է Հովիկ Աբրահամյանի ուսերին: Հիրավի, Կովկասյան գերուհու ասույթի նման` «ով մեզ խանգարում էր, նա էլ կօգնի»: ԲՀԿ-ի հակակշռը կարծես թե արդեն գտնված է: Ստանձնելով նման բարդ պարտականություն իշխանական նախընտրական շտաբում` նա այլևս չի կարող ազատ լինել նաև Ռոբերտ Քոչարյանի համար… Մի խոսքով` պատանդի կարգավիճակ:
4. Մյուս անսպասելի պաշտոնանկությունը ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ազատումն է: Վերջինս նույնպես կարողացել էր բավականին ամուր հարաբերություններ ստեղծել խորհրդարանի այլևս նախկին խոսնակի հետ: Իբրև ուժային կառույցի ղեկավար, նա ևս կարող էր իր բարիդրացիների հետ միասին վճռորոշ իրավիճակներում մեծացնել թիմի ներսում աճող հակավարչապետական անկայունության ռիսկը: Իսկ վերջին շրջանի բողոքի ակցիաների հանդեպ նրա ցուցաբերած պատահական թե ոչ պատահական անհամաչափ արձագանքը /ինչպես կառավարության նախորդ նիստի ժամանակ, երբ ոստիկանական ուժերով շրջափակել էր Հանրապետության Հրապարակի կեսը/, կարող էր վարչապետի կողմից ընկալվել թե սաբոտաժ ու լարվածությունը մեծացնող քայլ, թե նաև Սերժ Սարգսյանի մոտ հարուցել հետևյալ հարցադրումը, եթե մի քանի բողոքող խմբերին նա այս կերպ է արձագանքում, ապա ի՞նչ է անելու ավելի պատասխանատու` հետընտրական գործընթացների պահին: Պատահական չէ, որ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին համակարգի աշխատողներին ներկայացնելու ժամանակ Սերժ Սարգսյանը խոսեց նոր ժամանակների համար պահանջվող նրա տեսակի հրամայականի մասին եւ ասաց, որ բնակչությունն /բնականաբար, առաջին հերթին կառավարությունը/ իրեն հիմա ավելի պաշտպանված է զգալու…. Իսկ Վլադիմիր Գասպարյանն էլ խոստացավ լուծել բոլոր առաջադրանքները…
Ահա և Սերժ և Տիգրան Սարգսյանների հաղթանակած պարտիան: Տիգրան Սարգսյանի համար երբեմնի մրցակիցներ, իսկ Սերժ Սարգսյանի համար` Ռ.Քոչարյանի պոտենցիալ զինակիցները կամ քաղաքական դաշտից դուրս են, կամ պատանդի կարգավիճակում: Առջևում միգուցե՞ նաև փոխվարչապետի ու այլոց հրաժարականներն են: Բայց դրանք մանրունք են այս արվածի հանդեպ և ընդամենը ամրապնդելու են թիմն ու վարչական լծակների համակարգումը:
Իսկ թե այս փոխատեղումների արդյունքում արդյո՞ք թիմի ներսում անկայունության ռեսուրսը նվազե՞լ է, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը: Ակնհայտորեն, սա ևս իրավիճակային լուծում է, ինչպես և տարբեր հնարքներով փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագրի ստորագրումը: Իսկ իրավիճակները գնալով ավելի արագ են փոխվում: Հետևաբար, դեռ ամեն ինչ չէ, որ կանխորոշված է Սերժ Սարգսյանի համար ու կողմից», – մասնավորապես, գրում է Ստեփան Սաֆարյանը: