Ցածր եկամուտներով բնակչություն ունեցող երկրների քաղաքացիներն ավելի լավատես են, քան հարուստ երկրներինը: Այս մասին վկայում են Globescan կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքները: Հարցմանը մասնակցել է աշխարհի 25 երկրներում ապրող ավելի քան 25 հազար մարդ:
Ամենահոռետեսն են ճանաչվել Ֆրանսիացիները, ճապոնացիները և Մեծ Բրիտանիայի քաղաքացիները: Այս երկրների բնակիչների մոտ 10%-ն է սպասում լավագույն ժամանակներին: Քաղաքացիների 50%-ից ավելին կարծում է, որ իրավիճակը միայն վատթարանալու է: ԱՄՆ-ում քաղաքացիների միայն 16 տոկոսն է պահպանում լավատեսությունը:
Կենսապայմանների առավել վատ վիճակ ունեցող երկրների բնակիչները դրական փոփոխությունների ակնկալիքով են ապրում: Չինացիների 51%-ը լավատես է: Ռուսաստանում լավատեսների քանակը մի փոքր գերազանցում է հոռետեսների թվին: Նիգերիայում, ըստ սոցիոլոգների տվյալների, քաղաքացիների 70%-ը հավատ ունի վաղվա` առավել լավ օրվա նկատմամբ: Բացառություն է կազմում միայն Պակիստանը, որտեղ հոռետեսները շատ ավելի մեծ թիվ են կազմում, քան լավատեսները: