Ոստիկանությունում կադրային ջարդ և «նման բաներ» չեն լինի. ովքեր նվիրված կաշխատեն, կշարունակել աշխատել: Այս մասին «Հրապարակ» թերթի հետ զրույցում հայտարարել է Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը:
Երևանի ոստիկանապետի խոսքով` Ալիկ Սարգսյանի պաշտոնանկությունը չի կարելի անսպասելի ու հանկարծակի համարել: Ըստ Նազարյանի` ինքը, ՀՀ ոստիկանապետը, այդ լուրը «շատ հանգիստ» է տարել:
«Դե, բոլոր ժամանակներում էդպես ա եղել: Մի օր զանգում-ասում են, չէ՞: Մի օր էլ պիտի անակնկալի գաս, ի՞նչ ա եղել: Երբ էլ ասեն, անակնկալի ես գալու: Թեկուզ ավելի բարձր պաշտոնի տեղափոխվելն էլ, մյուսն էլ, էլի անակնկալի ես գալիս: Մի օր լինում ա, չէ՞», – ասել է Նազարյանը:
Հարցին, թե ինչպես ինքը կընդուներ մեկ այլ պաշտոնի իրեն տեղափոխվելու մասին որոշումը, Նազարյանն ասել է. «Եթե իմ նախարարը` նորանշանակ, կամ իմ նախագահը որոշի, որ ես պիտի այլ տեղ աշխատեմ, կոնկրետ ես շատ նորմալ կընդունեմ դա»:
Ոստիկանապետը խոստովանել է, որ ինքը հավատարիմ ծառայում է, որովհետև իր «արյան մեջ կա»:
«Նվիրվածությունը, հավատարմությունը կա իմ մեջ: Ես էդ կատեգորիայի մարդ եմ: Ես որ բաժնի պետ եմ եղել, էլի նվիրված եմ եղել: Փոքր տեղ միլպետ եմ եղել, էլի նվիրված եմ աշխատել: Էսօր ոստիկանապետ ա բախտ վիճակվել աշխատելու, նույն ձևի նվիրվածությքմբ աշխատում եմ: Վաղը հարմար կգտնի նորանշանակ նախարարը, որ ես ուրիշ տեղ աշխատեմ, ուրեմն նույն ձևի նվիրվածությամբ կաշխատեմ: Դա իմ արյան մեջ ա», – ասել է Նազարյանը: