Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի այսօրվա նիստում քննարկվել է ներիշխանական ճգնաժամը և դրա հետ կապված Կոնգրեսի անելիքները: Այս մասին նիստից հետո Epress.am-ին հայտնել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով՝ դա կառավարման բոլոր ոլորտներում Սերժ Սարգսյանի ռեժիմի ձախողման հետևանք է:
Զուրաբյանը նշել է, որ նիստի ընթացքում քննարկվել են նաև Կոնգրեսի անելիքները նոյեմբերի 25-ի հանրահավաքին ընդառաջ:
Խոսելով իշխանական վերնախավում պաշտոնանկությունների և փոխատեղումների մասին` Զուրաբյանն ասել է, որ դա վկայում է լրջագույն, խորը մի ճգնաժամի մասին:
«Անգամ Սերժ Սարգսյանի շրջապատում, անգամ այն օլիգարխիայի մեջ, որին այսօր սպասարկում է իշխանությունը, ռեժիմը, ստեղծված է մի ընկալում, որ Սերժ Սարգսյանն այլևս չի կարողանում ապահովել ռեժիմի շարունակականությունը, ինչը վտանգ է օլիգարխիայի համար, ուստի սկսվել են լրջագույն ներիշխանական խմորումներ, որոնց իմաստն է փնտրել այլընտրանք Սերժ Սարգսյանին»,- ասել է քաղաքական գործիչը:
Նրա կարծիքով՝ այսօր այդ պաշտոնանկություններով Սերժ Սարգսյանը փորձում է կանխել իր նկատմամբ անվստահություն ունեցող այդ պաշտոնյաների և որոշ օլիգարխների դավադրությունը:
«Այս ամբողջը նշանակում է, որ իշխանությունները հայտնվել են բավական բարդ վիճակում, և, անգամ եթե Սերժ Սարգսյանին հաջողվի այդ քայլերով կայունացնել սեփական իշխանությունն այս պահին, միևնույնն է դա ձեռք է բերվելու այս ռեժիմի ներսում պառակտումների գնով: Այսինքն` ամեն դեպքում ռեժիմը դուրս է գալու այս ամեն ինչի միջից թուլացած»,- հավելել է Լևոն Զուրաբյանը: