Նոյեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոխորհրդարանի պատգամավորների բազմակուսակցական (ժողովրդականներ, պահպանողականներ և ռեֆորմիստներ, սոցիալ-դեմոկրատներ, լիբերալ-դեմոկրատներ) պատվիրակության հետ` Միլան Ցաբրնոխի ղեկավարությամբ:
Ինչպես հաղորդում է Կոնգրեսի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Տեր-Պետրոսյանն անդրադարձ է կատարել Հայաստանի ներքաղաքական խնդիրներին` նշելով ինչպես նախագահի, այնպես էլ Ազգային ժողովի ոչ օրինակարգությունը, մասնավորապես, 76 պատգամավորների կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստը:
Մատնանշվել է երկրում հաստատված համակարգային կոռուպցիան` դրանից բխող բոլոր հետևանքներով, որոնք են իրավական պետության և ժողովրդավարական ազատությունների բացակայությունը, ինչպես նաև կեղծված ընտրությունները:
Պատվիրակության անդամների խնդրանքով Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայ Ազգային Կոնգրեսի մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ է կատարել Հայաստանում մամուլի ազատության վիճակին:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը և Ավետիս Ավագյանը: