Home / Հայաստան / «Եթե իմանայինք` ինչու են մարդուն ուղարկում տուն…» ՀՅԴ-ական գործիչը` պաշտոնանկությունների մասին

«Եթե իմանայինք` ինչու են մարդուն ուղարկում տուն…» ՀՅԴ-ական գործիչը` պաշտոնանկությունների մասին

«Մենք լսում ենք ինչ-որ գովեստի բառեր, ասում են, որ այս մարդը շատ լավ էր աշխատում, այս մարդը հրաշալի էր աշխատում, փայլում էր իր պաշտոնի վրա… Հարց է առաջանում` բա էդ դեպքում ինչո՞ւ եք հանում», – «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում իշխանության վերին օղակներում տեղի ունեցող պաշտոնանկությունները նման կերպ է մեկնաբանել ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

Ըստ նրա` քանի որ հասարակությանը որևէ հասկանալի, մատչելի բացատրություն չի տրվում, թե ինչու է պաշտոնյան հեռանում իր պաշտոնից, կամ այդ պաշտոնին նշանակվող նոր անձը ինչ արժանիքներ ունի` ի տարբերություն նախորդի, իշխանությունն ինչ հույսեր է կապում նրա հետ (ոլորտի բարելավո՞մ, թե հաջող ընտրական կամպանիա), դժվար է ասել, թե ինչու են դրանք արվում:

Հետևաբար, ըստ Հովհաննիսյանի, արդարացված չէ կանխատեսելը, թե սրանք ինչ քաղաքական զարգացումներ կարող են բերել իրենց հետ:

«Եթե մենք իմանայինք` ինչ պատճառով են մարդուն ուղարկում տուն կամ այլ պաշտոնի, ի՞նչ են ակնկալում նրան փոխարինողից, այդ ժամանակ կարելի կլիներ ասել, թե ինչ է սպասվում, ինչ հեռանկար կա: Այս պայմաններում հուսադրող որևէ հեռանկար չեմ տեսնում, որ պաշտոնների փոփոխությունները բարեփոխումների ադմինիստրատիվ բաղկացուցիչն են», – ասել է Վահան Հովհաննիսյանը: