Home / Հայաստան / Բացթողումների դեպքում ՊՆ-ն քայլեր է իրականացրել. Սեյրան Օհանյան

Բացթողումների դեպքում ՊՆ-ն քայլեր է իրականացրել. Սեյրան Օհանյան

Բանակ զորակոչվող զինծառայողները եռաստիճան բուժզննում են անցնում, որն անցնում է, առաջին հերթին, իրենց մշտական տեղակայման վայրերում, մարզային զինկոմիսարիատներում, հանրապետական բժշկական հանձնաժողովում, ինչպես նաև հավաքակայանի բժշկական հանձնաժողովում: Այս մասին Կառավարության նիստից հետո ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու են ոչ առողջ վիճակում գտնվող զինվորները ծառայում հայկական բանակում:

«Գոյություն ունի բժշկական հանրապետական հաձնաժողով, որի աշխատանքը շատ խիստ վերահսկողության տակ է և իմ կողմից, և առողջապահության նախարարի կողմից, և նաև Հանրապետության իրավապահ մարմինների կողմից:

Բազմաթիվ անգամ մենք իրականցրել ենք համատեղ միջոցառումներ, և եթե եղել են ինչ-որ բացթողումներ, ապա այդ բացթողումների շրջանակներում մենք համապատասխան քայլեր ենք իրականացրել», – ասել է Օհանյանը:

Նշենք, որ այսօր, ի տարբերություն նախորդ շաբաթվա, կառավարության առջև բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանները ուժ չկիրառեցին, որևէ մեկին բերման չենթարկեցին և ակցիայի անցկացմանը չխոչընդոտեցին: Հիշեցնենք, որ անցյալ հինգշաբթի արդեն նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ ոստիկանները շրջափակել են կառավարության շենքը իր հրամանով: