«Ռեժիմը խուճապի մեջ է: Զգալով համաժողովրդական շարժման անբեկանելի ուժը` վարչախումբն իր վերջին ճիգերն է գործադրում ոչ լեգիտիմ իշխանությունը պահպանելու համար` փոխատեղելով իր թիմի անդամներին»: Այդպիսի մեկնաբանություն ես կտայի, եթե լինեի ընդդիմության կողմնակից: «Անկասելի տնտեսական աճի և լայնամասշտաբ համակարգային բարեփոխումների պայմաններում իշխանության առաջ ծառանում են նոր խնդիրներ և մարտահրավերներ, և այդ պայմաններում ընտրվում է կառավարման առավել արդյունավետ մոդելը»: Կադրային փոփոխությունների թերևս այդպիսի գնահատական կտար իշխանության`որոշակի կրթական ցենզ ունեցող կողմնակիցը: Այս մասին «Առավոտ» թերթի խմբագրականում գրում է Արամ Աբրահամյանը:
Ըստ նրա` երկու բացատրություններն էլ, բնականաբար, կեղծ են իրենց «նպատակաուղղվածությամբ», բայց պարունակում են ռացիոնալ հատիկ:
«Իրականությունն այն է, որ թե իշխանական և թե ընդդիմադիր քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրությունների: Ընդ որում, վերջին` ԱԺ նախագահի հրաժարականի պարագայում դրա մասին ասվեց բաց տեքստով: Եթե պաշտոնական բացատրությունը հենց դա է, արժե՞ արդյոք նույն եզրակացության գալ խորը և քրտնաջան վերլուծությունների շնորհիվ: Քանի որ իշխանությունների համար ընտրություններին մասնակցելու գլխավոր ռեսուրսը վարչական լծակներն են, պարզ է, որ հենց Հովիկ Աբրահամյանը պետք է համախմբի և կազմակերպի այդ ռեսուրսը: Մյուս կողմից` երկրի աստիճանակարգում երկրորդ դեմքի ու կուսակցության շտաբի պետի համատեղումը լավ չէր դիտվի, և եթե ԱԺ նախագահը հրաժարական չտար, շատ բնական կլինեին դժգոհությունները տվյալ համատեղման կապակցությամբ: Հետևաբար, այո, այդ կադրային փոխատեղումներն արվում են իշխանությունը պահպանելու համար, և,մյուս կողմից, այո` նոր խնդիրներն առաջ են բերում նոր անձանց: Այդ առումով ԱԺ նախագահի պաշտոնում ես, իհարկե, կցանկայի տեսնել Դավիթ Հարությունյանին, բայց խորհրդարանական մեծամասնությունը, ըստ երևույթին, գուցե իր թեկնածուն ունի`իրեն ավելի համապատասխան:
Եվս երկու վարկածների մասին, որոնք չեն ենթարկվում տրամաբանական քննության: Իբր կադրային փոփոխություններով կանխվում է Ռոբերտ Քոչարյանի դավադրությունը: Դա անհիմն վարկած է ոչ թե այն պատճառով, որ երկրորդ նախագահն ընդունակ չէ դավադրության. ոչ միայն ընդունակ է, այլևս դա միակ ճանապարհն է, որով նա եկել էր և, զուտ տեսականորեն, կարող է գալ իշխանության: Պարզապես անտրամաբանական է ենթադրել, որ Հովիկ Աբրահամյանը կարող է նման դավադրության մասնակիցը լինել. կասկածելի կամ ոչ լոյալ մարդու չեն նշանակում իշխող կուսակցության նախընտրական շտաբի պետ: Երկրորդ վարկածն այն է, որ ներկայիս ոստիկանապետը ավելի կարծր միջոցներ կկիրառի ժողովրդական հնարավոր ըմբոստության դեպքում, քան իր նախորդը: Բայց ընդդիմության դեմ բռնություններն ամենևին պայմանավորված չեն ոստիկանապետի անձով: Հայկ Հարությունյանն էլ, օրինակ, երբեք նման քայլի չէր դիմի, եթե չունենար իր վերադասի հրամանը: Ոստիկանության դեպքում, հետևաբար, ամեն ինչ կախված է հրաման տվողից: