Home / Հայաստան / Վարչապետը Թռչկանի ջրվեժի հարցը համարել է ամբողջությամբ փակված

Վարչապետը Թռչկանի ջրվեժի հարցը համարել է ամբողջությամբ փակված

Վարչապետն անդրադարձել է Թռչկանի ջրվեժի խնդրին և քաղծառայողների սոցիալական ապահովության փաթեթի ներդրմանը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր առաջարկել է Թռչկանի ջրվեժի հարցն ընդգրկել կառավարության այսօրվա նիստի օրակարգում:

«Մենք ունենք Կայուն զարգացման ազգային խորհուրդ, որի աշխատանքներին մասնակցում են նաև հասարակական կազմակերպությունների, մասնավորապես, բնապահապանական շարժման ներկայացուցիչները։ Տեղյակ եք, որ վերջին շրջանում ջրվեժի խնդիրը դարձել է նրանց ուսումնասիրության առարկան։ Մասնավորապես, նրանք ահազանգում են, որ Թռչկանին վտանգ է սպառնում և այն որոշումները, որոնք կառավարությունը կայացրել է, մասնավորապես, հողահատկացումները ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ, վտանգում են ջրվեժի ապագան։ Բնապապանության նախարարությունն ուսումնասիրել է խնդիրը և Հանրապետության նախագահի հանձնարարականով կայացրել որոշումներ, որոնց համաձայն՝ մենք այդ ռիսկերը չեզոքացրել ենք։ Չնայած դրան՝ բնապահապանները խորհրդի նիստում բարձրացրեցին մեկ հարց։ Որպեսզի ապագայում էլ ջրվեժին վտանգ չսպառնա, նրանք առաջարկում են հստակ կարգավիճակ տալ այդ հողատարածքին, այդ հատվածին։ Այդ իսկ պատճառով էլ, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ այսօր որոշում սահմանել, որի համաձայն ջրվեժի տարածք կօգտվի հատուկ պահպանվող տարածքի ռեժիմից։ Եթե համաձայն եք, ապա կառավարության այսօրվա որոշումով համապատասխան հանձնարարականներ կտանք փոխվարչապետին, որպեսզի բոլոր համապատասխան փաստաթղթերը և համաձայնություններն ի կատար ածվեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։ Սրանով մենք այս խնդիրը կհամարենք ամբողջությամբ փակված», – ասել է վարչապետը:

Լուսանկարը` ecolur.org-ի