Home / Հայաստան / «Մերկացիր, ծովը կողքիդ է». Բեռլուսկոնիի ձայնասկավառակը վաճառքի է հանվում

«Մերկացիր, ծովը կողքիդ է». Բեռլուսկոնիի ձայնասկավառակը վաճառքի է հանվում

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի հեղինակած երգերի նոր ձայնասկավառակը վաճառքի կհանվի նոյեմբերի 22-ին: Այս մասին լրագրողներին ուրբաթ հայտնել է վարչապետի համահեղինակ, երաժիշտ Մարիանո Ապիչելան:

«Vero amore» («Իսկական սեր») անվամբ ձայնասկավառակում հավաքված են այս դուետի կողմից ստեղծված վերջին երգերը: «Բերլուսկոնին ինձ տեքստեր է ուղարկում, իսկ ես երաժշտություն եմ գրում»,- ասել է Ապիչելան: Նա նաև պատմել է, որ նոր ձայնասկավառակի թողարկումը մի քանի անգամ հետաձգվել է տեխնիակական պատճառներով. «Մեկ սաքսոֆոնն էր փչանում, մեկ հարվածայինները չէին հնչում»,- պատմել է երաժիշտը:

«Սկավառակը սկսվում է դանդաղ երգերով, այնուհետև տեմպն արագանում է: Այնտեղ կա սամբա, կան այլ լատինոամերիկյան ռիթմեր»,- պատմել է Ապիչելան: Տեքստերը գրված են իտալերենով, բացառությամբ նեապոլիտանական մի քանի արտահայտությունների:

«Լսիր այս երգերը, դրանք քեզ համար են: Լսիր դրանք, երբ քնքշանքի կարիք ունես: Վերցրու այս հնչյունները, պահպանիր դրանք սրտումդ: Մերկացիր, ծովը կողքիդ է»,- Բերլուսկոնիի հերթական երգերից վերցված այս հատվածը մեջբերում են տեղական ԶԼՄ-ները:

Իտալիայի կառավարության ղեկավարը երգում է փոքր հասակից: Նրա ստեղծագործական դուետը Ապիչելոյի հետ արդեն բազմաթիվ տարիների փորձ ունի: