ՄԱԿ-ի մարդկային զարգացման 2011 թվականի զեկույցը լուրջ մտահոգությունների առիթ է ստեղծում: Հետազոտությունները ցույց են տվել, որ կենսամակարդակի աճի նախորդ տարիների միտումը հետընթաց է ապրում: Զեկույցում ասվում է, որ եթե շրջակա միջավայրի վիճակը շարունակի վատթարանալ, իսկ սոցիալական անհավասարությունն էլ խորանա, ապա մինչև 2050 թվականը առավել ցածր կենսամակարդակ ունեցող երկրները հետ կմնան զարգացման գլոբալ ձևաչափերից:
ՄԱԿ-ի մարդկային զարգացման զեկույցում 0,716 ցուցիչով Հայաստանը զբաղեցնում է 86-րդ հորիզոնականը: Առաջին տեղում Նորվեգիան է` 0,943 ցուցիչով, երկրորդում Ավստրալիան` 0,929: Երրորդ և չորրորդ տեղերը բաժանում են Նիդերլանդներն ու ԱՄՆ-ն` 0,910: Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը 75-րդն է` 0,733 ցուցիչով, Իրանը 88-րդը` 0,707, Ադրբեջանը 91-րդը` 0,700, և Թուրքիան 92-րդը` 0,699:
Համաձայն զեկույցի` Հայաստանում կյանքի սպասվող տևողությունը ծննդյան ժամանակ կազմում է 74,2 տարի, կրթության սպասվող տևողությունը 12 տարի է, իսկ միջինը` 10,8: Հայաստանն իր ցուցանիշով դասվում է մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների շարքին: Սակայն բավական հեռու է շատ բարձր մակարդակ ունեցող երկրներից, որոնք թվով 47-ն են: Զեկույցում ներկայացված է նաև գենդերային անհավասարության ցուցիչը: Այս ցուցանիշով առաջին տեղում է Շվեդիան, իսկ Հայաստանը զբաղեցնում է 60-րդ հորիզոնականը: Այս ցուցիչը հաշվարկելիս ՄԱԿ-ը հաշի է առնում մի շարք ցուցանիշներ, որոնցից են, մասնավորապես, կանանց ներկայացվածությունը խորհրդարանում (Հայաստանի դեպքում` 9,2 %), դեռահասների ծննդաբերության ցուցիչը (Հայաստանի դեպքում` 35,7 %) , կանանց և տղամարդկանց տնտեսական ակտիվության ցուցիչը (Հայաստանի դեպքում, կանայք` 59,6% , տղամարդիկ` 74, 6%):