Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը, «Սպառողների ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչների հետ համատեղ, հերթական ծրագրային հսկողական շրջայցերն է կազմակերպել պարենային ապրանքների վաճառքի առավել խոշոր 40 խանութներում` պիտանելիության ժամկետն անցած սննդամթերք հայտնաբերելու և դրանց վաճառքը բացառելու նպատակով:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շրջայցերի արդյունքում հայտնաբերված ժամկետանց ապրանքատեսակների շարքում գերակշռել են կաթնամթերքը, պատրաստի մսամթերքը, կիսապատրաստվածքներն ու զովացուցիչ ըմպելիքները: Սննդի վաճառքի օբյեկտների տնտեսվարողներին զգուշացվել է նաև ձեռնպահ մնալ կասկածելի՝ ոչ պարզորոշ ժամկետայնությամբ, ինչպես նաև օտարալեզու մակնշումով սննդամթերք վաճառելուց:
Արդյունքում, ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասով տույժի են ներկայացվել 17 կազմակերպություններ, ինչը ենթադրում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել մայրաքաղաքի խանութներում պարենային ապրանքների անվտանգության հսկողությունն ու ընդգծել, որ այն լինելու է մշտական ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: