Նոյեմբերի 6-ին երեկոյան Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին` «Զանգեր» կոչվող հատվածում, առատ ձյան և ձնաբքի հետևանքով ավտոմեքենաները մնացել են ճանապարհին և առաջացել է խցանում:
Պարզվել է, որ ավտոմեքենաները խցանվել են Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ջոկատը և Վայք քաղաքի «Ճանշին» ՓԲԸ-ի «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան` ավազով բեռնված:
Տեղում պարզվել է, որ խցանման մեջ են տարբեր մակնիշի 54 ավտոմեքենա:
«ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան, ավազ ցրելով, հասել է դեպքի վայր, որից հետո մեքենաները իջել են ներքև:
Տեղում աշխատանքներ են իրականացրել Սյունիքի մարզի Սառնակունք գյուղից 2 և Վայոց ձորի մարզի Սարավան գյուղից 1 «Բելառուս» մակնիշի տրակտոր: