ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիային (լուսանկարում):
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության կայքը, վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում Թբիլիսիում կայանալիք հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը ևս մեկ քայլ կհանդիսանա երկկողմ հարաբերությոնների զարգացման և ամրապնդման գործում:
«Հայաստանը և Վրաստանը մենք դիտարկում ենք որպես մեկ միասնական տնտեսական դաշտ: Մեր միջև առևտրափոխադրումների բոլոր խոչընդոտները պետք է վերացվեն, քանի որ այն բխում է մեր ժողովուրդների շահերից: Այս առումով, առաջիկա երկու տարիների ընթացքում Եվրամիության օժանդակությամբ շուրջ 42 մլն եվրո է ներդրվելու մեր երկրի երեք սահմանային անցակետերը եվրոպական լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու համար»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ ժամանակակից անցակետերը հնարավորություն կտան ավելի հեշտ իրականացնել մաքսազերծման գործընթացները և քաղաքացիներին մատուցել բարձր մակարդակի ծառայություններ:
Կառավարության ղեկավարը նշել է, որ առաջարկվելու է վրացական կողմին միջկառավարական տնտեսական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգ ներառել նաև միասնական մաքսային կետերի ստեղծման գաղափարը, որը հնարավորություն կտա դյուրացնել մաքսազերծման գործընթացը, երկկողմ սահմանի հատումը և այլն:
Իր հերթին, Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հույս է հայտնել, որ տարբեր ուղղություններով նոր համատեղ ծրագրերի իրականացման հարցերը ևս կդառնան նոյեմբերի 17-18-ին Թբիլիսում անցկացվելիք միջկառավարական հանձնաժողովի նիստի քննարկման առարկա:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Մեղրիից Բաթումի ավտոճանապարհի կառուցմանը, որը 180 կիլոմետրով կկրճատի Իրանից դեպի Սև ծով ընկած ճանապարհի երկարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերվող հարցերի: