Նոյեմբերի 7-ին ՀՀ առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:
Ինչպես հաղորդում է ՀԱԿ-ի մամուլի գրասենյակը, հանդիպման ընթացքում Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վիճակի վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսի տեսակետները, մասնավորապես, անդրադարձ է կատարել Հայաստանում տիրող համակարգային կոռուպցիային, ժողովրդավարական ազատությունների բացակայությանը, կեղծված ընտրություններին, լրատվամիջոցների ազատության սահմանափակումներին և որպես դրանց հետևանք` Հայաստանին սպառնացող լրջագույն մարտահրավերներին` հատկապես նշելով ահագնացող արտագաղթի խնդիրը:
Որպես Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման բանալի, Լևոն Տեր-Պետրոսյանը ընդգծել է օրինական ընտրությունների անցկացման ապահովումը և օրինակարգ իշխանությունների ձևավորումը:
Ընդդիմության առաջնորդը ներկայացրել է նաև Հայ Ազգային Կոնգրեսի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենը և Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը: