Շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պիպին» հեքիաթը ռասիզմի տարրեր է պարունակում և լի է «գաղութային ռասիստական կարծրատիպերով», հայտարարել է գերմանացի կին-ավետարանականների ասոցիացիայի աստվածաբան Էսկե Վոլրադը:
Վոլրադը նշում է, որ հրատարակիչները գրքում փոփոխել են հերոսուհու հոր անունը: Գրքերից մեկում «նեգր թագավորի» փոխարեն հայտնվել է «հարավ-ծովային թագավոր» արտահայտությունը: Սակայն գրքի այլ հատվածներ շարունակում են խնդրահարույց մնալ:
«Գրքում սևամորթ երեխաները միմյանց վրա ավազ են լցնում սպիտակամորթ երեխաների առջև: Երբ ես իմ զարմիկի համար կարդում էի այն, իսկ նա սևամորթ է, ես պարզապես բաց թողեցի այդ հատվածը»,- ասել է Վոլրադը` հավելելով,որ գիրքն «ընդհանուր առմամբ վատը չէ»: Խնդիրը գրքում առկա ռասիզմ պարունակող որոշ հատվածների մեջ է:
Ըստ Վոլրադի` այն դրվագներին, որտեղ սևամորթ երեխաներին վիրավորող արտահայտություններ կան, կարելի է հղումներով բացատրություններ տալ: Աստվածաբանը կարծում է, որ այսպիսով երեխաները փոքր հասակից կկարողանան հարմարվել բազմամշակութային հասարակությանը: