Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է խորհրդարանի կողմից տնտեսական բարեփոխումների ծրագրի հաստատումից հետո հրաժարական տալու իր պատրաստակամության մասին: Բարեփոխումների վերաբերյալ հարցը քվեարկության կդրվի Իտալիայի խորհրդարանի երկու պալատներում արդեն այս ամիս:
«Ես հրաժարական կտամ, երբ պետբյուջեի նոր ծրագիրը, որում առկա են եվրախմբի կողմից պահանջվող բոլոր փոփոխությունները, հավանության արժանանա երկու պալատների կողմից»,- հայտարարել է Բերլուսկոնին:
Հիշեցնենք, որ Եվրամիության երկրները պահանջում են Իտալիայից մի շարք տնտեսական բարեփոխումներ իրականացնել, որոնք թույլ կտան կրճատել պետական տուրքը և խթան կհանդիսանան երկրի տնտեսության համար:
Նոյեմբերի 8-ին Ստորին պալատում քվեարկություն տեղի ունեցավ 2010 թվականի բյուջեի կատարման հաշվետվության մասին: Քվեարկության արդյունքում Բերլուսկոնին զրկվել է պատգամավորների մեծ մասի աջակցությունից: «Խորհրդարանը կաթվածահար է, առնվազն Ստորին պալատը»,- քվեարկությունից հետո հայտարարել է Բերլուսկոնին: Վարչապետի խոսքով` իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը նոր ընտրություններն են: