Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նիստում հրապարակվեցին պարենային և ոչ պարենային շուկաներում գործող 23 տնտեսվարողների նկատմամբ հարուցված վարչական վարույթների արդյունքները:
Իրավախախտները հիմնականում այն ընկերություններն են, որոնց գործունեությունը հայտնաբերվել է Հանձնաժողովի մարզային ստուգայցերի ժամանակ:
Իրացման առավել խոշոր ծավալներ ունեցող տնտեսվարողները ենթարկվել են ընհանուր առմամբ 5 մլն 800 հազար դրամ ֆինանսական տույժի:
Դրանք են. «Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ` 1 մլն դրամ, «ՄՎ Քեմիքլ գրուպ» ՍՊԸ` 1 մլն դրամ, «Արմեն-Համիկ» ՍՊԸ` 1 մլն դրամ, «Նարիմ» ՍՊԸ` 700 հազար դրամ, «Կրասկի սեյսի» ընկերություն` 700 հազար դրամ, «Ալվարդ Վարդանյան» ՍՊԸ` 700 հազար դրամ, «Ֆելիքս-Սարգ» ՍՊԸ` 700 հազար դրամ:
Նկատի ունենալով մի շարք հանգամանքներ, մասնավորապես այն, որ վարույթում գտնվող մյուս 16 ընկերությունների ապրանքաշրջանառության ծավալները և շուկային հասցված վնասը բավականին փոքր են, բացի այդ դրանք գործում են մարզերում` արտադրական փոքր ծավալներով և իրավախախտումը կատարվել է առաջին անգամ, Հանձնաժողովը որոշեց օրենքի շրջանակում անհամեմատ մեղմ պատիժ կիրառել վերջինների նկատմամբ` տալով խիստ նախազգուշացում: