Այսօր Հրազդանի Սահմանադրության հրապարակում քաղաքի բնակիչները իրազեկված զանգվածային միջոցառում են անցկացրել`բողոքելով ընդդեմ Հրազդանի երկաթի հանքի շահագործման: Հիշեցնենք, որ բնապահպանների գնահատմամբ, բաց եղանակով հանքի շահագործումը կարող է Հրազդան քաղաքը զրկել խմելու ջրից:
Միջոցառման շրջանակում անցկացվել է մեկ ժամ տևողությամբ հանրահավաք, որի ժամանակ ելույթ են ունեցել բնապահպանական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հրազդանի առաջին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը:
Ինչպես Epress.am-ին տեղեկացրել է Հրազդանի քաղաքացիական նախաձեռնող խմբի անդամ Մեսրոպ Մեսրոպյանը, Միքայելյանն իր ելույթում դատապարտել է հանքի շահագործումը, խոսել դրա վնասների մասին՝ նշելով, որ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու հանքը շահագործողներն իրենց բիզնես շահերն են առաջ տանում:
Մեսրոպյանը պատմել է, որ հանրահավաքից հետո հավաքվածներն ավտոերթով գնացել են հորատման աշխատանքների իրականացման վայր: Տեսնելով բողոքողներին` հանքավայրում աշխատող խմբի ղեկավարները նստել են իրենց մեքենաները և արագ հեռացել տարածքից` միայնակ թողնելով բանվորներին:
Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով՝ տվյալ վայրում աշխատանքներն իրականացվում են գյուղացիների սեփականություն հանդիսացող տարածքում` առանց նրանցից թույլտվություն վերցնելու և առանց պայմանագիր կնքելու: Ի նշան իրենց իրավունքների պաշտպանության, ակցիայի մասնակիցները շրջել են փորձանմուշներով արկղերը: Այդ պահին տարածքում են եղել ոստիկանության և ԱԱԾ-ի աշխատակիցները, որոնք որևէ կերպ չեն միջամտել ակցիայի անցկացմանը:
Ըստ ակցիայի մասնակիցների, նրանք, հավանաբար, նույնպես գիտակցել են երկաթահանքի շահագործման վնասները:
«Ակցիան ծառայեց իր նպատակին: Եվ եթե մեր ղեկավարները նույն անտարբերությամբ շարունակեն վերաբերվել այս խնդրին, հաջորդ նմանատիպ բողոքի ակցիան չի ուշանա և կհասնենք նրան, որ այդ հանքը չի շահագործվի», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Մեսրոպ Մեսրոպյանը:
Հիշեցնենք, որ հանքի շահագործման իրավունքը պատկանում է չինական «Fortune Oil» ընկերությանը, որը ձեռք է բերել «Նագին» ընկերության բաժնետոմսերը: Վերջինս դեռևս 2009 թվականին ներկայացրել էր Հրազդանի երկաթահանքի բաց եղանակով շահագործման նախագիծը: