ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանի կենտրոնում Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի բացման արարողությանը: Նորվեգացի նշանավոր բևեռախույզ, մեծ մարդասեր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի բացումն իրականացվում է նրա 150-ամյակի նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ` բացման արարողությանը մասնակցել են նաև Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեն և Նանսենի թոռնուհի Մարիտ Գրևը:
Հուշարձանի բացումից հետո Սերժ Սարգսյանը տիկին Մարիտ Գրևին է հանձնել Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակը հավաստող անձնագիր և իր ու ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել, որ Ֆրիտյոֆ Նանսենը հազարավոր հայերի այսպիսի անձնագրով աշխարհում իրենց տեղը գտնելու հնարավորություն է տվել: