ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեին:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանը հայ-նորվեգական հարաբերությունները խթանելու տեսանկյունից կարևորել է նախարարի այցը մեր երկիր:
Հանրապետության ղեկավարի խոսքով, Նորվեգիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ հանդիպումը նաև լավ առիթ է նորվեգացի ժողովրդին հայ ժողովրդի երախտագիտությունը հայտնելու համար:
«Այսօր Ֆրիտյոֆ Նանսենին ուղղված երախտագիտության շատ խոսքեր լսեցինք: Ցանկանում եմ նաև անպայման շեշտել տիկին Բոդիլ Կատարինա Բյորնի անունը: Նրանք այն անհատներն են, ովքեր հնարավորություն տվեցին մեր ժողովրդի մի հսկայական հատվածի ցեղասպանությունից հետո ինչ-որ չափով մեղմելու իրենց տառապանքը, վիշտը՝ ապագան կառուցելու հնարավորություն ընձեռելով: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Նորվեգիայի կառավարությանը՝ 1988 թվականից ի վեր Հայաստանին ցուցաբերվող և՛ տեխնիկական, և՛ զարգացման ծրագրերին օժանդակության համար», – ասել է Սերժ Սարգսյանը:
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեն անձամբ իր, Նորվեգիայի ժողովրդի և կառավարության անունից շնորհակալություն է հայտնել իր երկրի ու նրա զավակների մասին ասված ջերմ խոսքերի և այն սրտառուչ վերաբերմունքի համար, որի վկայություններից մեկն էլ Երևանի կենտրոնում այսօր բացված Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանն է:
«Չնայած մեր բավականին համեստ տնտեսական հարաբերություններին, պետք է նշել, որ մեզ հաջողվել է խորացնել քաղաքական հարաբերությունները, և դա շատ կարևոր մեկնակետ է», -ասել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը:
ՀՀ նախագահը և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը քննարկել են հայ-նորվեգական տնտեսական փոխգործակցության զարգացման հնարավորությունները, անդրադարձել նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին: