Home / Հայաստան / Որտե՞ղ է Սամվել Բաբայանը. նա գրավադրել է Երևանի նախկին քաղաքապետի տունը

Որտե՞ղ է Սամվել Բաբայանը. նա գրավադրել է Երևանի նախկին քաղաքապետի տունը

ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի մասին տարատեսակ լուրեր են պտտվում, ըստ որոնց՝ նա հայտնվել է բավական տհաճ իրավիճակում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Ստույգ հայտնի է, որ Բաբայանը ինչ-որ նախագիծ իրականացնելու համար մեծ վարկեր է վերցրել մի քանի բանկերից և դրա համար գրավադրել մի շարք մարդկանց բնակարաններ, իհարկե, վերջիններիս համաձայնությամբ։ Այդ մարդկանց թվում է նաև Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, որի երևանյան բնակարանը կարող են մոտ ապագայում բռնագրավել, եթե Սամվել Բաբայանը չհայտնվի և չփակի այն վարկը, որ վերցրել է «Արդշինինվեստբանկից»։Համենայնդեպս՝ Բազեյանն ինքը, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, ֆինանսապես ի վիճակի չէ ինքնուրույն փակել այդ վարկը։ Թե կոնկրետ երբ է լրանում Բազեյանի տան դիմաց վերցված վարկը մարելու ժամկետը, պարզել չհաջողվեց։ Լավատեղյակ մարդիկ պնդում են, թե խոսքը մի քանի ամսվա մասին է: Ըստ որոշ լուրերի, գրավադրված է նաև իր՝ Սամվել Բաբայանի բնակարանը, որը գտնվում է Երևանի Նալբանդյան փողոցում», – գրում է օրաթերթը` նշելով, որ Բաբայանի գտնվելու վայրը փաստացի անհայտ է: Երեկ «ՀԺ»-ին չի հաջողվել  նրա մասին որևէ կոնկրետ տեղեկություն ճշտել։

Նախկինում գոյության ունեցած Բաբայանի «Դաշինք» կուսակցության նախկին խոսնակ Գնել Ղլեչյանն ասել է, որ չի կարող տեղեկություն տալ Սամվել Բաբայանի գտնվելու վայրի մասին։ Նրա մասին տեղեկություն չի ունեցել նաև ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը, որի կուսակցության հետ սերտորեն համագործակցում էր Սամվել Բաբայանը։

Օրաթերթը նշում է, որ խմբագրության ձեռքի տակ եղած հեռախոսահամարներով նույնպես Բաբայանի հետ կապ հաստատել չի հաջողվել։

«Այս պահին իրավիճակը կարող են պարզաբանել երկու հոգի. Ալբերտ Բազեյանը երեկ չցանկացավ այս կապակցությամբ որևէ մեկնաբանություն անել, իսկ Սամվել Բաբայանի հետ կապվել, ինչպես նշեցինք, չհաջողվեց։ Հույս ունենք, նա ինքը առաջիկա օրերին կկապվի և կտա անհրաժեշտ պարզաբանումներ», – եզրակացնում է «Հայկական ժամանակը»։

Լուսանկարը` wikipedia.org