Նոյեմբերի 9-ին ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորենի հետ:
Հանդիպման հիմնական թեմաներն են եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, երկրի առջև ծառացած ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մարտահրավերները: Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ Հայաստանի բոլոր ներքաղաքական խնդիրները, այդ թվում` կեղծված ընտրությունները, համակարգային կոռուպցիան, ժողովրդավարական ազատությունների, անկախ դատական համակարգի, լրատվամիջոցների ազատությունների բացակայությունն ածանցյալ են մեկ հիմնական խնդրից, որն է` Հայաստանում օրենքի իշխանության հաստատումը:
ՀԱԿ-ի լրատվական ծառայության փոխանցմամբ` անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրներին:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Կնուտ Հոուգը և Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը: