Ռոբերտ Քոչարյանը շարունակում է քաղաքացիներին անհանգստացնել նաև պաշտոնավարման ավարտից հետո, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Թերթի հաղորդմամբ` Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի այն հատվածում, որտեղ Քոչարյանի առանձնատունն է, բջջային կապը պարզապես չի գործում: Ավելին` ՌՈ աշխատակիցների կապը խափանված է նաև տարածքից դուրս գալու դեպքում` ողջ օրվա ընթացքում:
Ըստ «Ժողովրդի»` Քոչարյանի առանձնատան մերձակայքում տեղադրված են բջջային կապի խլացուցիչ սարքավորումներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից այս կապակցությամբ հայտնեցին, որ նման սարքավորումների տեղադրման հարցերով զբաղվում է հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովը, մինչդեռ այնտեղ ասացին, որ այդ հարցը տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ է: