Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդներն այսօր ժամը 16:00-ի սահմաններում Երևանի կենտրոնում ֆլեշ-մոբ ակցիա են սկսել:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, նրանք երկու տարբեր կողմերից, մի մասը` Տիգրան Մեծ պողոտայից, իսկ մյուս մասը` Ամիրյան փողոցից, մտել են Հանրապետության հրապարակ:
Ֆլեշ-մոբ ակցիան սկսվել է յուրաքանչյուր հատվածից մեկ մարդու մասնակցությամբ, որը քայլում էր փողոցով, իսկ ինչ-որ ժամանակ անց նրան մոտենում էր մյուս մասնակիցը: Կազմակերպիչների խոսքով` այսպիսով կիրառվում էր 1+1 սկզբունքը:
Արդեն Հանրապետության հրապարակի մուտքերի մոտ մասնակիցների թիվը մեծացավ, և նրանք շարքով մտան Հհրապարակ` կանգնելով կենտրոնական գորգի վրա:
Նրանք ձեռքերին ունեին բազմաթիվ պաստառներ, մասնավորապես, «Օրինապահ պեպելնիցաներ», «Fuck you, dictators», «Բանակը` սպանդանոց», «Հաջորդը դու ես», «Շնորհակալություն, որ մեզ ծեծում եք ոստիկանությունում», «Շնորհակալություն, որ մեզ սպանում եք բանակում», «Սերժիկ, game over», «Մի լռիր, որ քեզ լռեցնում են»:
Հրապարակում մեքենաների խցանում էր առաջացել, քանի որ վարորդները արգելակում էին` հետաքրքրված կարդալով պաստառների բովանդակությունը:
Հանրապետության հրապարակից երիտասարդները Հյուսիսային պողոտայով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ: Ճանապարհին նրանք վանկարկում էին` «Ազատ, անկախ, Հայաստան», «Սերժիկ, Մուբարաք», «Պայքար, պայքար մինչև վերջ»:
Այդ ընթացքում երիտասարդներին ուղեկցում էին 3-ից 5 ոստիկաններ:
Այս պահին ակցիան շարունակվում է. ՀԱԿ-ի ակտիվիստները շարժվում են դեպի Շրջանային` բուհերի մոտ, որտեղ տեղակայված են Բժշկական, Ճարտարագիտական, Ճարտարապետաշինարարական համալսարանները: