Վերջին շրջանում ԱՄՆ-ում սովորական ցավազրկողների չափաբաժնի չարաշահման հետևանքով ավելի շատ թվով մարդ է մահանում, քան ծանր ազդեցություն ունեցող թմրանյութերից, հայտնում է բրիտանական BBC-ն:
ԱՄՆ-ում ցավազրկողների չարաշահումը համաճարակի աստիճանի է հասել, հայտարարում են ամերիկացի բժիշկները: Վերջին 10 տարիների ընթացքում օրինական ցավազրկողների չարաշահումի հետևանքով 3 անգամ ավելի շատ մարդ է մահացել, քան թմրանյութերի: Աղետալի իրավիճակի գլխավոր պատճառը, ըստ բժիշկների, կայանում է նրանում, որ ուժեղ ազդեցություն ունեցող դեղամիջոցների վաճառքի գործընթացը խիստ հեշտացվել է, ինչը հանգեցրել է ցավազրկողների վաճառքի քանակի ավելացմանը:
Նմանատիպ ցավազրկողների թվում են վիկոդինը, մետադոնը, և օքսիդոնը: Այս դեղամիջոցները նախատեսված են քրոնիկ հիվանդություն ունեցողների ցավերը մեղմելու համար, սակայն շատ հիվանդներ չգիտեն` ինչ չափով կարելի է օգտագործել դեղամիջոցը, ինչն էլ ողբերգական հետևանքների է բերում:
Հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի կենտրոնի տվյալների համաձայն, օրական ցավազրկողների չարաշահումից մինչև 40 ամերիկացի է մահանում: Բացի դրանից, շատերը նախընտրում են ցավազրկողը ալկոհոլով խմել, ինչը մեծացնում է այլևս չարթնանալու հավանականությունը: Ամերիկացի բժիշկները հայտարարում են, որ ցավազրկողների վաճառքը խստացնելու վերաբերյալ օրինագիծ են առաջարկելու: