Վերջին ժամանակներում մեր տարածաշրջանին բնորոշ երկրաշարժերն ու հետցնցումները հաճախակի են դարձել, ինչը մեր հանրապետության բնակչության շրջանում տագնապի ու վախի մթնոլորտ է ձևավորում բնական այս երևույթի նկատմամբ: Երկրաշարժերը տեղի են ունենում երկրի ընդերքի որոշակի զանգվածում կուտակված կտրուկ էներգիայի լիցքաթափման արդյունքում, ուղեկցվում երկրակեղևի կտրուկ տատանումներով և ցնցումներով՝ ժամանակի շատ կարճ տևողության ընթացքում և տատանումների ձևով հաղորդվում մեծ հեռավորությունների վրա։
Թեև ժոողովրդի շրջանում տարածված է այն կարծիքը, որ երկրաշարժերի վտանգն առավել մեծանում է արևոտ ու տաք եղանակի պայմաններում, սակայն մասնագետները վստահեցնում են, որ եղանակային պայմանները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ երկրի ընդերքում զարգացող այս երևույթի վրա:
«Երկրաշարժը բնական այն աղետն է, որը կանխատեսել թերևս անհնար է: Չկա այնպիսի գիտություն, որը կարող է ճշգրիտ որոշել երկրաշարժերի առաջացման վայրը կամ ժամը: Մթնոլորտային որևէ երևույթ ինչ-որ կերպ կապ չունի այս բնական աղետի հետ, երկրաշարժեր լինում են թե ձմռանը, թե ամռանը»,- Epress.am-ի հետ զրույցում նշել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման բաժնի պետ Հովհաննես Խանգելդյանը:
Նրա խոսքով` կարևոր է երկրաշարժի ընթացքում հանրության տեղեկացված ու իրազեկված լինելը, ինչը բավական մեծ ու դրական ազդեցություն կարող է ունենալ հետագա զարգացումների ընթացքում:
«1988-ի երկրաշարժից մենք դասեր քաղեցինք, չնայած ունեցանք հազարավոր զոհեր»,- ասել է մասնագետը` հավելելով, որ վերջին շրջանում Վան քաղաքում ու մերձակա գյուղերում անընդմեջ հաջորդող երկրաշարժերն ու ուժեղ հետցնցումները նույնպես բնական երևույթ են, քանի որ ցանկացած երկրաշարժի հետմարում ուղորդվում է բավական մեծ թվով հետցնցումներով: