Երեկ Խանջյան փողոցի թիվ 37 շենքի տակ գործող տարադրամի փախանակման կետի վրա կատարված ավազակային հարձակման վերաբերյալ ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են կրակված 2 գնդակ, 9 մմ տրամաչափի՝ 3 և 1 հատ անհայտ տրամաչափի և տեսակի կրակված պարկուճներ:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 19.00-ին, 2 անհայտ անձ՝ ատրճանակներով զինված, տարադրամի փախանակման կետի դիմաց հարձակվել են 40-ամյա Ռուդիկ Զիրոյանի վրա, կրակել նրա ուղղությամբ` պատճառելով հրազենային վնասվածքներ նրան և օգնության հասած 52-ամյա Լևոն Ավետիսյանին, այնուհետև Զիրոյանի մոտից հափշտակելով գումար` դիմել են փախուստի: Վիրավորվածները տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ ոստիկանության` նրանք ի վիճակի չեն եղել հաղորդում տալ:
Ինչպես երեկ «Շանթ» հեռուստաալիքի «Հորիզոն» լրատվականին հայտնել է «Գիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկը, վիրավորներից Ռադիկ Զիրոյանի մոտ ախտորոշվել է աջ սրունքի վերին երրորդականի և ստորին երրորդականի միջանցիկ հրազենային վնասվածք, իսկ Լևոն Ավետիսյանի մոտ` ձախ ազդրի ստորին երրորդականի և սրունքի վերին երրորդականի հրազենային վնասվածք: Ըստ բժշկի` վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն: