Home / Հայաստան / Ինչու Երևանում կրկին չկայացավ աղմկահարույց սպանության գործով դատը

Ինչու Երևանում կրկին չկայացավ աղմկահարույց սպանության գործով դատը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր  պետք է իրենց վերջին խոսքերով հանդես գային 23-ամյա Խաչիկ Մկրտչյանի` Արաբկիրում անցյալ տարվա մայիսի 12-ին կատարված սպանության գործով ամբաստանյալները, սակայն դատական նիստը դարձյալ հետաձգվեց:

Հետաձգման պատճառն այն էր, որ ժամը 15.30-ին նշանակված դատական նիստը մեկ ժամ անց դեռ չէր սկսվել, և մեղադրյալներից Վռամ Բաղադսրյանի պաշտպաններ Գայանե Խաչատրյանն ու Նինա Կարապետյանցը համապատասխան դիմում գրեցին դատավորին և լքեցին դատարանի դահլիճը:

Պաշտպանների գնալուց անմիջապես հետո դատավորը մտավ դատական նիստերի դահլիճ և հայտարարեց, որ դատը ուշանում է, քանի որ մեղադրյալներին  ՔԿՀ-ներից ուշացումով են տեղափոխում, և 16.35-ի դրությամբ հայտարարեց քսան րոպե ընդմիջում, մինչև մեղադրյալներին տեղ հասցնեն: Նշենք նաև, որ այդ ընդմիջման ժամանակ Վռամ Բաղդասարյանի հարազատներին է մոտեցել դատական նիստի քարտուղարը և ասել. «Զանգեք և ձեր պաշտպաններին ասեք` թող հետ գան, որովհետև եթե փաստաբան չլինի էլ, դատն այսօր պիտի վերջացնենք»:

«Կարելի է փաստել, որ դատարանը միտումնավոր էր կազմակերպել դատական նիստի ուշացումը, որպեսզի դատարանի շենքում այլ գործերով քաղաքացիներ չգտնվեն և ՀՀ-ի ուղեկցող դասակի բոլոր ոստիկանները, ավարտելով այլ նիստերով իրենց ծառայությունը, ներկա գտնվեն Վ.Բաղդասարյանի և մյուսների քրեական գործի ընթացքում դատական նիստերի դահլիճում», – նիստի ուշացման վերաբերյալ տարածած հայտարարության մեջ նշել են Բաղդասարյանի պաշտպանները:

Ըստ հայտարարության հեղինակների` պարզ է, որ առանց ամբաստանյալների վերջին խոսքը ունկնդրելու դատավճիռը պատրաստ էր, և պարզ է` ինչ դատավճիռ պետք է կայացնի դատարանը, այլապես նման միջոցների չէին դիմի:

Հաջորդ դատական նիստը կկայանա վաղը` ժամը 16.00-ին:

Հիշեցնենք, որ այս գործով որպես մեղադրյալ է անցնում Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ որդին՝ Արսեն Ահարոնյանը, ում սկզբում սպանության մեղադրանք են առաջադրել. նա ընդունել էր իր մեղքը, սակայն հետո հրաժարվել իր ցուցմունքներից: Դրանից հետո սպանության մեղադրանք է առաջադրվել միջադեպի մասնակից Վռամ Բաղդասարյանին: