Home / Հայաստան / Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության փոխգնդապետին տույժի է ենթարկել դրոշի համար

Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության փոխգնդապետին տույժի է ենթարկել դրոշի համար

ՀՀ ոստիկանության շտաբը ծառայողական քննություն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի մասնաշենքի վրա տեղադրված ՀՀ պետական դրոշը գունաթափված, մաշված և քրքրված վիճակում է:

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության կայքը, դա ժամանակին չի նկատվել բաժնի պետի կողմից, իսկ դրոշը փոխարինվել է նորով միայն ԶԼՄ-ների հրապարակումներից հետո:

«Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու՝ ՀՀ պետական խորհրդանիշ հանդիսացող ՀՀ դրոշի պատշաճ տեսքը չապահովելու համար, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Մեծամորի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մարատ Պողոսյանը ենթարկվել է կարգապահական տույժի», – ասված է ոստիկանության հաղոդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետության խորհրդանիշների մասին ՀՀ օրենքների պահանջների խախտումները բացառելու նպատակով ոստիկանապետի նույն հրամանով ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների պետերին հանձնարարվել է կարճ ժամկետում միջոցներ ձեռնարկել ստորաբաժանումների վարչական շենքերի վրա տեղադրված ՀՀ  պետական դրոշի պատշաճ տեսքն ապահովելու համար: