Երեկ կայացան Եվրո-2012-ի փլեյ-օֆֆ փուլի 4 հանդիպումներ: Իռլանդիայի ֆուտբոլի հավաքականը, որը մրցավարի օգնությամբ զրկեց Հայաստանի ընտրանուն փլեյ-օֆֆ փուլին մասնակցելու իրավունքից, մրցակցի հարկի տակ 4:0 հաշվով պարտության մատնեց Էստոնիային: Իռլանդացիների կազմում 2 գոլի հեղինակ դարձավ Ռոբի Քինը, մեկական գնդակ խփեցին Քեյթ Էնդրյուսը և Ջոնաթան Ուոլթերսը: Էստոնիայի հավաքականի կազմում երկու ֆուտբոլիստներ կարմիր քարտերի արժանացան:
Առաջին հանդիպումից հետո արդեն կարելի է վստահությամբ փաստել, որ Իռլանդիան նվաճեց Եվրո-2012-ի ուղեգիրը:
Գրեթե նույն վիճակում է գտնվում Խորվաթիայի հավաքականը, որը դարձյալ մրցակցի հարկի տակ պարտության մատնեց Թուրքիային 3:0 հաշվով:
Մյուս երկու զույգերում պատասխան խաղերը որոշիչ են լինելու: Չեխիան սեփական հարկի տակ հաղթեց Չեռնոգորիային 2:0 հաշվով, սակայն մրցակիցը դեռևս պահպանում է Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու հույսերը: Ամենադժվար կանխատեսելին Բոսնիա-Հերցեգովինա – Պորտուգալիա զույգն է. այդ թիմերի առաջին խաղում, որը կայացավ բոսնիական Զենիցայում, գոլազուրկ ոչ-ոքի գրանցվեց:
Պատասխան հանդիպումները կկայանան նոյեմբերի 15-ին: