Նոյեմբերի 10-ին, երեկոյան ժամը 23.30-ի սահմաններում Կողբացի 42, Պուշկինի 40, Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բակում բնակիչները պայթյունի ձայն են լսել, կայծեր են նկատել, որից հետո հոսանքազրկվել են Կողբացի 42, Պուշկին 40 շենքերի և Տերյան 23, 25 շենքերի մի շարք բնակարաններ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է վերոնշյալ շենքերի բնակիչների խնդիրներով զբաղվող Վարդան Գերավետյանը: Հիշեցնենք, որ այդ բակում Հ2 հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դեվելոփերս» ընկերությունը բարձրահարկ շենքի կառուցապատում է իրականացնում, ինչն առաջացրել է այդ տարածքի բնակիչների դժգոհությունը, որոնք պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում:
Գերվատյանը նշել է, որ նոյեմբերի 10-ի երեկոյան բնակիչները նաև լսել են շատ ուժեղ ջրի խշշոց, և, դուրս գալով, պարզվել են, որ վերոնշյալ շենքերի բակում իրականացվող շինարարության արդյունքում փորված մեծ փոսից սողանք է առաջացել, կտրվել է հոսանքի մալուխը և պայթել է ջրի մատակարարման ընդհանուր խողովակը:
«Բնակիչները մինչև գիշերվա երկուսը այստեղ հավաքված էին, լույս չունեին, ահաբեկված էին, որովհետև պարզ չի, թե այդ սողանքն ինչքան կշարունակվեր, միգուցե, ավելի շատ գնար: Ի դեպ, մենք գիտենք, որ Վանում եղավ երկրաշարժ, չի բացառվում, որ նորից կրկնվեն ինչ-որ ցնցումներ, իսկ ցնցումների դեպքում արդեն շենքի դիմացը ամրացնող շերտը չկա, բնականաբար, շատ հնարավոր է, որ շենքը տեղաշարժվի, և ճաքեր գոյանան, և, Աստված հեռու տանի, ավելի լուրջ մի բան լինի»,- ասել է Վարդան Գերավետյանը:
Նրա խոսքով` թեև ջրի խողովակը վերանորոգվել է հաջորդ օրը, բայց այդ խողովակներն այժմ օդի մեջ կախված են, բավական նեղ տարածք է մնացել մինչև շենքը, մոտավորապես երեք մետր, և վտանգը դեռ կա:
«Ամենացավալին այն է, որ այս ամեն ինչն արվում է «հասարակության և պետության կարիքներ» հասկացողության ներքո, որը բացարձակ ո’չ հասարակության, ո’չ պետության հետ կապ չունի: Ինչ-որ մի հիմար հերթական շենք են սարքել, որը անմարդաբնակ է լինելու, դա արդեն պարզ է: Միանշանակ պարզ է, որ «Լոկալ դեվելոփերս»-ը՝ ի դեմս Սամվել Մայրապետյանի, չի կարողանալու նորմալ իրացնի, որովհետև չեմ կարող ասել, քանի հիմար կգտնվի, որ գա այստեղ բնակվի», – ասել է Վարդան Գերավետյանը:
Նշենք, որ կառուցվող շենքը գտնվում է մի քանի այլ շենքերի շրջափակման մեջ, և շատ մոտ է կանգնեցվել նրանց: