Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին Իռլանդիա-Հայաստան հանդիպման երկրորդ խաղակեսը դիտել է տրիբունայից` ապակու հետևից: Այս մասին Բերեզովսկին ասել է Sports.ru կայքին տված հարցազրույցում:
«Երբ ինձ հեռացրեցին դաշտից, գնացի հանդերձարան: Ինձ ասացին, որ միջանցքում չի կարելի դիտել խաղը, թեև 10 րոպե էր մնում մինչև առաջին խաղակեսի ավարտը:
Հանդերձարանում ցայվեցի և սպասեցի տղաներին: Բոլորը կոտրված եկան. հեռացում, ինքնագոլ… Առաջին հինգ րոպեների ընթացքում ընդհանրապես մեռելային լռություն էր տիրում, որից հետո խոսեց մարզիչը: Ասաց, որ պետք է շարունակել խաղը, պետք է ամեն դեպքում պատվով ավարտել հանդիպումը, որովհետև դեռ ամեն ինչ կորած չէ: Երկրորդ խաղակեսն արդեն կենդանի նայեցի տրիբունայում: Ինձ գաղտնի ապակու հետևում տեղավորեցին, որ չերևամ: Ծանր էր, որովհետև մինչև վերջ ակնկալում էի լավագույնը: Եվ ամենակարևորը` իմ մեջ ուժ էի զգում: Իսկ խաղից հետո ոչինչ չէր մնում անել, քան շնորհակալություն հայտնել մարզչին, միմյանց` ողջ ընտրական փուլի համար, ձեռք սեղմել և գրկախառնվել», – ասել է Բերեզովսկին:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է իրականացվում ֆուտբոլիստների և լրագրողների շփումը Հայաստանում, Բերեզովսկին նշել է, որ մարզիչը որոշում է խաղերից երկու օր առաջ, թե երբ պետք է ֆուտբոլիստները շփվեն լրագրողների հետ, իսկ մնացած ողջ ժամանակը տրամադրվում է մարզումներին:
«Վերջերս մեզ համար նոր բազա են կառուցել, բացմանը ներկա էր նաև Միշել Պլատինին, և այնտեղ ապրելը շատ հարմար է: Երկու բիլիարդի սեղան կա, լավ ֆիտնես, շոգեբաղնիք, լողավազան, ինտերնետ, այս ամենը մեր տրամադրության տակ է: Խոհանոցի տեսանկյունից էլ է հաճելի դարձել, որովհետև ճաշարանում կին է աշխատում, ով, բացի նրանից, որ շատ համով ուտեստներ է պատրաստում, խաղերից մի քանի օր առաջ էլ մեզ երես է տալիս տնական ուտեստներով` մուրաբա, տոլմա, քյուֆթա, կարկանդակներ»,- պատմել է դարպասապահը: