«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան նոյեմբերի 25-ին Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Երևանում երթ է կազմակերպելու: Այն մեկնարկելու է ժամը 13:00-ին Տերյան 62 հասցեից և տևելու է երեք ժամ:
Համաձայն Կոալիցիայի տարածած հաղորդագրության` աշխարհում յուրաքանչյուր 3-րդ կին, որը ընտանեկան բռնության զոհ է դարձել, նշում է հարկադիր սեռական հարաբերության առկայության մասին:
2011 թվականի առաջին կիսամյակում թրաֆիքինգի հատկանիշներով 10 քրեական գործ է հարուցվել, որից 8-ը վերաբերել են հենց կանանց սեռական շահագործմանը: Նշված գործերով տուժող ճանաչվել է 8 զոհ, որոնցից 7-ը կանայք են:
2011 թվականի հունիսի 1-ի տվյալներով` կատարվել է հանցագործություն 103 անչափահասի նկատմամբ, որից 24 ֆիզիկական բռնության, 25-ը սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված:
«Հայաստանում սեռի ընտրությունը մինչ ծննդաբերություն հասել է անհանգստացնող թվերի` 112 տղա/100 աղջիկ: Խախտվում է բնության հավասարակշռությունը ու դադարեցվում է ևս մի կյանք միայն նրա համար, որ պտուղը իգական սեռին է պատկանում:
Հայաստանում կա 131 պատգամավոր, որոնցից ընդամենը 11-ն են կին: Աշխարհում աղքատների 70% տոկոսը դարձյալ կանայք են: ՀՀ-ում կա 18 նախարար,որոնցից ընդամենը 2-ն են կին:
Ամբողջ աշխարհում ընտանեկան բռնության զոհերի 95 տոկոսը կանայք են: Կարծում ենք պարզ է դառնում,որ մեզանից ոչ մեկ ապահովագրված չէ բռնությունից /լինի դա հոգեբանական, թե ֆիզիկական, սեռական, թե տնտեսական/ աշխարհի որ անկյունում էլ լինի, անկախ տարիքից ու ազգությունից, հարստությունից ու աղքատությունից ու անգամ անկախ նրանից` դեռ ծնվել է, թե ոչ», – ասված է հաղորդագրության մեջ: