2011 թվականի դեկտեմբերին Հայաստանում անցկացվելիք «Մանկական եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթն իսկական տոնակատարության է վերածվելու, իսկ մարզահամերգային համալիրի փոխակերպված և շքեղ տեսքի բերված դահլիճում անցկացվող մրցույթը վարելու են Գոհար Գսապարյանն ու Ավետ Բարսեղյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել են «Եվրատեսիլ»-ի կազմկոմիտեի ղեկավար Արտակ Վարդանյանն ու հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը:
«Հայաստանում անցկացվող նմանատիպ շոուն պատշաճ մակարդակով անցկացնելու գաղափարի շուրջ համախմբվել են ստեղծագործական տարբեր թիմեր, լինելու է աննախադեպ շոու ծրագիր՝ հրավառություն-ներկայացմամբ, որն իրականացնելու համար երկար բանակցություններ ու շատ մեծ ջանքեր են գործադրվել: Կառուցվում և զարմանալի մեծ չափերի է բերվում բեմը՝ հետաքրքիր ձայնային ու լուսային լուծումներով. սա միջոցառում է փակ տանիքի տակ: Ավելացնեմ նաև, որ շատ մեծ պատասխանատվություն է այս ամենը ուղիղ եթերով հեռարձակելը»,- նշել է Գոհար Գասպարյանը:
Նրա խոսքով` մրցույթի բոլոր մասնակիցները Հայաստան են ժամանելու նոյեմբերի 27-ին:
Գոհար Գասպարյանը նշել է նաև, որ կան տոմսերի կեղծման դեպքեր, և ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել տոմսերի վրա առկա հատուկ շերտին, շտրիխ կոդին և հոլոգրաֆիկ նշանին:
Ի դեպ, շոու-ծրագրին մասնակցելու են Մանկական Եվրատեսիլ-2010-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանն ու երգչուհի Սիրուշոն, իսկ գլխավոր մրցանակն արդեն պատվիրված է:
Հայաստանում անցկացվող միջազգային մրցույթին մասնակցելու է 13 երկիր:
«Ինչ վերաբերում է Հայաստանն այս մրցույթում ներկայացնող Դալիթա Ավանեսյանին, պետք է նշենք, որ օրվա ընթացքում մի քանի ժամ հատկացնում է պարապմունքներին, նրա մոտ ամեն ինչ կարգին է, և պատրաստ է պատշաճ կերպով ներկայացնել մեր երկիրը», – տեղեկացրել է Արտակ Վարդանյանը: