Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն Ազգային ժողովում ներկայացրել է երեք կարևագույն խնդիրներ, որոնց լուծմանն է միտված լինելու 2012 թվականի պետական բյուջեի նախագիծը:
«Այդ առումով ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Հանրապետության նախագահի ծրագրային ելույթի վրա, որը նա հնչեցրել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում: Այդ ելույթում ֆիքսվել են այն հիմնական թիրախները, որոնցով պետք է առաջնորդվի կառավարությունը: Առաջին հերթին, ցանկանում եմ մեջբերել հետևյալ ուղերձը. «Այո, մենք տնտեսական աճի և զարգացման խնդիր ունենք, ընդ որում, այդ խնդիրն ավելին է, քան պարզապես արտադրությունների և զբաղվածության աճը: Տնտեսական զարգացումն այսօր ազգային անվտանգության նշանակություն ունի»:
Սա 2012 թվականի համար առաջին և կարևորագույն խնդիրն է: Ինչպես ենք մենք այն լուծելու՝ պատգամավորներին և հանրությանն ենք ներկայացնելու մեր երկրի արդյունաբերության զարգացման ծրագիրը, որի նպատակն է ավելացնել մեր արտահանման կարողությունները: Մեր պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը մասնավոր հատվածի հետ միասին մշակել է այսպիսի ծրագիր:
Երկրորդը՝ բիզնես միջավայրի բարելավումն է, բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծումը: Այն հարկային փաթեթը, որ ներկայացրել ենք ձեզ, նույնպես այդ նպատակն է հետապնդում:
Երրորդը՝ ազատ տնտեսական գոտիների ստեղծումն է, որը կխթանի Հայաստանում մասնավոր ներդրումները:
Հաջորդը, Եվրամիության հետ մեր համատեղ ծրագրերն են, որոնց շրջանակներում Հայաստանում իրականացվում են բարեփոխումներ, որոնք մեր առջև են բացելու եվրոպական շուկաները: Սանկտ-Պետերբուրգում ստորագրված համաձայնագիրը ևս կստեղծի ազատ առևտրի հնարավորություն՝ ԱՊՀ անդամ-երկրների, այդ թվում նաև Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների համար: Սա էապես կհեշտացնի ապրանանքերի արտահանումը», – ասել է Տիգրան Սարգսյանը:
Որպես երկրորդ գերակա խնդրին անդրադառնալով` վարչապետը կրկին մեջբերել է Սերժ Սարգսյանի խոսքերը. «Անշուշտ, բիզնեսին հարկավոր է քաղաքական կայունություն և կայուն տնտեսական միջավայր: Մենք մեր քայլերով երկուսն է ապահովելու ենք: Տնտեսական կայունության առումով ավելի առաջ ենք գնալու՝ ապահովելով ոչ միայն գնաճի մակարդակի ու ֆինանսական համակարգի կայունությունը, այլև տարեց-տարի կրճատելու ենք պետբյուջեի դեֆիցիտ-համախառն ներքին արդյունք հարաբերակցության մակարդակը: Վերջինս ավելացնելու մեր ամրության պաշարը և 2012 թվականի բյուջեի նախագիծն այդ մասին է խոսում»:
Այս առնչությամբ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կայունության ապահովման համար 2012 թվականն ունի առանձնահատկություն:
«Մասնավորապես, էապես կրճատելու ենք պետական բյուջեի դիֆիցիտը` այն հասցնելով 3 տոկոսի, իսկ դա նշանակում է, որ ուշադրության կենտրոնում ենք պահում արտաքին և ներքին պարտքի բեռի խնդիրը, որպեսզի այն լինի կառավարելի և չվտանգի մեր կայուն զարգացումները ու պետությունն ունենա բավարար լիկվիդային ֆինանսական միջոցներ, ինչն այսօր ժամանակակից աշխարհում կարևորագույն խնդիրն է: Միևնույն ժամանակ 2012-ին էապես բարելավելու ենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը` հարկային մուտքերը նախորդ տարվա համեմատ ավելացնելով շուրջ 101 մլրդ դրամով: Այս հանգամանքն ունի էական նշանակություն մեր կարողությունների և կուտակած պաշարների ամրապնդման առումով, որպեսզի 2012-ին ի վիճակի լինենք դիմագրավելու այն լրջագույն մարտահրավերներին, որոնք այսօր առկա են», – ասել է վարչապետը:
Նա երկրորդ խնդիրն էլ ձևակերպել է` հիշելով ՀՀ նախագահի հետևյալ միտքը.
«Մեր նպատակը կազմակերպված և իր ուժերին վստահ հասարակակության կայացումն է, որի կենտրոնում մարդն է: Մենք պետք է դառնանք հասարակություն, որը լավագույն պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր անհատի ստեղծագործական կարողությունները բացահայտելու համար»:
Տիգրան Սարգսյանի խոսքով` դա երրորդ կարևորագույն թիրախն է, որին հասնելու համար 2012-ի բյուջեով լուծվելու են հետևյալ խնդիրները:
«Առաջին հերթին` բարձր եկամուտներ ունեցողները պետք է ավելի շառ հարկեր վճարեն, քան ավելի ցածր եկամուտներ ունեցողները: Բյուջեի և հարկային փաթեթի տրամաբանությունն այդպիսին է: Պրոգրեսիվ սանդղակի ներդրումը եկամտահարկի մասով հետապնդում է այդ նպատակը: Այն արտոնությունները, որ այդ փաթեթով տրամադրում ենք փոքր ու միջին բիզնեսին, հետապնդում է այդ նպատակը: Այն բեռը, որ մենք դնում ենք շռայլության հարկի ձևով, առաջին հերթին վերաբերվում է հասարակության այն խավին, որն ունի բավարար եկամուտներ` նման ծախսեր իրականացնելու համար», – նշել է Տիգրան Սարգսյանը: