«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով` մեծ հավանականություն կա, որ շուտով «Մոսկվա» կինոթատրոնի և «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի հարևանությամբ 50 հարկանի շենք կկառուցվի: Ըստ թերթին հասած լուրերի` Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և նախագծային մի քանի ինստիտուտներում, գաղտնի պայմաններում, քննարկվում է այս ծրագիրը:
«ՀԺ»-ի տեղեկությունների համաձայն, շենքը կոչվելու է «Պերսիա թաուեր» (պարսկական աշտարակ): Մի քանի հարկը լինելու է առևտրային նշանակության, մի քանիսը` բնակելի, ավելի քան 10 հարկ` հյուրանոց և այլն:
Քաղաքապետարանում թերթի աղբյուրները հայտնել են, որ այս նախագծի իրականացման համար իրանական կողմը արդեն կոնկրետ քայլեր է անում համապատասխան պաշտոնյաների շահագրգռելու գործում: Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն իր օգնականի միջոցով փոխանցել է «ՀԺ»-ին, որ ինքը ծանոթ է այս նախագծին, բայց որևէ վերաբերմունք առայժմ չի հայտնի:
Թերթը եզրակացնում է, որ եթե գլխավոր ճարտարապետը խուսափում է անկեղծ գնահատական տալ նախագծին, նշանակում է` արդեն իսկ չի բացառում Երևանի սրտում նման կառույց թույլ տալու հնարավորությունը: