«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով` օրերս զբաղեցրած պաշտոնից ազատվել և կադրերի տրամադրության տակ է ուղարկվել ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Տիգրան Բարսեղյանը:
«Բարսեղյանի ղեկավարած վարչության հետ են կապվում ԱԱԾ-ի կողմից ընդդիմադիր գործիչներին գաղտնալսելու, նրանց վերաբերյալ դոսյեներ հավաքելու մասին լուրերը: Ըստ որոշ տեղեկությունների, Բարսեղյանը պաշտոնանկ է արվել, քանի որ տեղյակ է եղել ներիշխանական խմորումների` պալատական հեղաշրջում նախապատրաստելու մասին, բայց չի զեկուցել իր ղեկավարությանը: Մեկ այլ տարբերակով, Բարսեղյանն այս պատմության մեջ «քավության նոխազ» է, քանի որ տեղեկացրել է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, իսկ նա չի զեկուցել Սերժ Սարգսյանին», – գրում է օրաթերթը:
ՀՀ ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը թերթի թղթակցի հետ զրույցում չի հերքել Բարսեղյանին ազատելու մասին լուրը: Բաղրամյանը, տեղեկանալով, որ վերը նշված լուրերի վերաբերյալ «ՀԺ»-ի թղթակիցը ցանկանում է հարց տալ, առանց մինչև վերջ լսելու` պատասխանել է. «Ներքին կադրային փոփոխությունները ենթակա չեն հրապարակման և մեկնաբանման»: