Բրիտանացի կոմպոզիտոր, Սաութհեմպթոնի համալսարանի պորֆեսոր Մայքլ Ֆինիսին ավարտել է 18-րդ դարի աշխարհահռչակ ավստրիացի կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը», որը երաժիշտը գրում էր կյանքի վերջին ամիսներին, սակայն մահը թույլ չտվեց վերջին հասցնել սկսած գործը, գրում է openspace.ru-ն:
Մամլո ասուլիսի ժամանակ Մայքլ Ֆինիսին պատմել է, որ «Ռեքվիեմի» վրա աշխատելու ընթացքում ինքը «վերլուծել է այն բոլոր գործոնները` պատմական, սոցիալական, հոգեբանական, որոնք կարող էին ազդել տվյալ ժամանակաշրջանի մարդու երաժշտական ընկալումների վրա, և փորձել է փոխանցել դասական երաժշտության հանճարին համապատասխանող տրամադրությունը»:
Իր մահից որոշ ժամանակ առաջ Մոցարտը միջնորդի միջոցով «Ռեքվիեմ» գրելու անանուն պատվեր էր ստացել: Նա մահացավ, սակայն գրելով ստեղծագործության միայն կեսից ավելին: Արդյունքում «Ռեքվիեմն» ավարտեց նրա աշակերտ Ֆրանց Կսավեր Զյուսմայերը` Իոսեֆ Այբլերի օգնությամբ:
Մոցարտի «Ռեքվիեմի» ձեռագիր տարբերակը
Մայքլ Ֆինիսին ստեղծել է որոշ հատվածների սեփական մեկնաբանությունը և եզրափակիչ մասը` փորձելով առավելագույն ճշգրտությամբ փոխանցել Մոցարտի ոգին: Անձամբ Ֆինիսիի մոտ կասկածներ են հարուցում ստեղծագործության վերջում գրված որոշ հատվածներ, որոնք այնքան էլ չեն համապատասխանում ընդհանուր ոճին, սակայն, ինչպես ասել է կոմպոզիտորը «Ռեքվիեմը կարող էր իդեալական ավարտի հասցնել միայն ինքը` Մոցարտը»:
«Ռեքվիեմի» նոր տարբերակը առաջին անգամ հնարավոր կլինի լսել նոյեմբերի 20-ին` Սաութհեմփթոնի նվագախմբի և երգչախմբի կատարմամբ: