ՀՀ-ում Իրանի դեսպանատանը երեկ չեն հերքել, որ Երևանի կենտրոնում` «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, 50 հարկանի աշտարակը մտադիր է կառուցել իրանական ընկերությունը: Ավելի ուշ դա հաստատել են Երևանի քաղաքապետարանից, գրում է «Հայկական ժամանակը»:
Թերթը նշում է, որ երբ փորձել է այդ ընկերության ու նաև կառուցվելիք աշտարակի նախագծի վերաբերյալ մանրամասներ ճշտել Իրանի դեսպանությունից, այստեղից միայն համառորեն ցանկացել են պարզել օրաթերթի ունեցած ինֆորմացիայի աղբյուրը:
«Դուք հաստատ չգիտեք`արդյո՞ք այդ շինությունը կառուցում է իրանական ընկերությունը, թե ոչ , չգիտեք`որտեղից եք ստացել այդ ինֆորմացիան և զանգահարել եք Իրանի դեսպանություն`ուզում եք դեսպանությունից դիրքորոշում իմանալ», – ասել են Իրանի դեսպանատան լրատվական ծառայությունից:
«Դուք հերքո՞ւմ եք, որ կառուցվելիք շենքի հետ Իրանը, իրանական որևէ ընկերություն կապ ունի»: «ՀԺ»-ի այս հարցին ի պատասխան` դեսպանատնից հայտարարել են, որ իրենք կզանգահարեն և օրաթերթի պատասխանատուի հետ կխոսեն, ինչը, սակայն, չեն արել: