Թուրքահայ լրագրող, «Ագոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվողներից մեկի` Յասին Հայալի հայրը` Բահաթին Հայալը, նոր մանրամասներ է հաղորդել իր որդու և ոստիկանական ուժերին տեղեկություններ հաղորդող անձի միջև առկա կապի մասին` նշելով, որ հանցագործության հետևում կանգնած իրական մարդիկ պետք է հայտնաբերվեն: Այս մասին գրում է «Hürriyet Daily News and Economic Review»-ն:
«Մենք տեղեկություններ ունենք, որ մեր որդին սպանությունից առաջ Ադրբեջան է մեկնել, չնայած նրան, որ ոչ փող ուներ, ոչ էլ անձնագիր»,-ասել է Բահաթին Հայալը:
Նա նշել է, որ այս գործը երբեք չի բացահայտվի, եթե ոստիկանությանը տեղեկություններ հաղորդող Էրհան Թունջելի (Դինքի գործով կասկածյալ) կապերը ամբողջությամբ չբացահայտվեն, հավելելով, որ իր որդին որպես «պեշկա» է օգտագործվել:
«Նրանք կանգ են առել «Աքչաաբաթ» շքեղ հյուրանոցում: Իմ որդուն ներկայացրել էին երկու անձանց: Էրհան Թունջելը ասել է նրան, որ նրանցից մեկը չեչնիացի ղեկավար է», – պատմել է Բահաթին Հայալը:
«Ես խորապես վշտացած եմ այս սպանության կապակցությամբ: Ես խիզախություն չունեմ մոտենալու Ռաքել Դինքին: Այս գործը պետք է բացահայտվի: Իսկական մարդասպաններին անհրաժեշտ է բացահայտել»,-ասել է նա:
Բահաթին Հայալը պատմել է նաև, որ փորձել է հանդիպել Դինքի ընտանիքի փաստաբանների հետ մի քանի անգամ, հավելելով, որ նրանք խնդրել են իրեն համոզել որդուն պատմել ճշմարտությունը:
Հիշեցնենք, որ օրերս Բահաթին Հայալը Դինքի սպանության գործով հերթական դատական նիստից հետո ևս մեկ սկանդալային հայտարարություն էր արել, համաձայն որի, Դինքի սպանությունից օրեր հետո ինքը հեռախոսազանգեր է ստացել «պետական պաշտոնյաներից», որոնք շնորհակալություն են հայտնել իրեն արժանի զավակ դաստիարակելու համար: Սակայն ինքը` Բահաթին Հայալը, այս գովեստի խոսքերը անընդունելի է համարում: